Այդ մարդկանց պատկերացումներում՝ Ռուսաստանում ապրող հայը մեռնելու համար կարող է գալ Հայաստան, մուտքն ազատ է, իսկ ահա քվեարկելու համար՝ ոչ, որովհետեւ նա ապրում է Ռուսաստանում. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ի՞նչն է հետաքրքիր: Մարդիկ, որոնք օրինակ 44-օրյա պատերազմի օրերին անգամ փառաբանում էին Ռուսաստանում բնակվող՝ պատերազմի համար Հայաստան եկող հայրենակիցներին, այսօր լծված են Ֆեյսբուքում նրանց վարկաբեկելով՝ քվեարկության նպատակով Հայաստան գալու համար:
Այսինքն, այդ մարդկանց պատկերացումներում՝ Ռուսաստանում ապրող հայը մեռնելու համար կարող է գալ Հայաստան, մուտքն ազատ է, իսկ ահա քվեարկելու համար՝ ոչ, որովհետեւ նա ապրում է Ռուսաստանում:
Ձեզ սա չի՞ հիշեցնում բարձր մակարդակով արվող հայտնի հարցադրումը՝ «բա ինչու՞ չեք մեռել»: Եվ հասկանալի է դառնում թերեւս, թե ովքե՞ր են հիմնականում զբաղված Ֆեյսբուքում այդ արշավը կազմակերպելով:
Ինձ նաեւ հետաքրքիր է լրատվամիջոցների վարքը, որոնք վերցրել են խոսափողերը ու գնացել օդանավակայան, Ռուսաստանից եկող չվերթերի ուղեւորներին հարցախեղդ անելու: Իսկ ինչու՞ օրինակ նույն հերթապահությունը սահմանված չէ Եվրոպայից ու ԱՄՆ-ից եկող չվերթերի նկատմամբ: Չկա քաղաքական հանձնարարական-նարատի՞վը, թե՞ կա համոզում, որ ԱՄՆ-ից ու Եվրոպայից եկողները քվեարկելու են իշխանության օգտին, հետեւաբար նրանք Հայաստան կարող են գալ ոչ միայն «մեռնելու», այլ նաեւ քվեարկելու նպատակով»:

