Բաժիններ՝

Նախընտրական միֆեր և իրական թալան. ո՞ւմ բաժին հասավ բյուջեի 8 միլիարդ դոլարը. Գյուղացու «պերաշկին» և պաշտոնյայի «սև իկրան»

Վաղուց անցել են ժամանակները, որ նախկինների թալանով կարելի էր խաբել ժողովրդին։ Ութ տարի լինելով իշխանության, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ իր հայտարարած թալանի 1 տոկոսն էլ չկարողացավ վերադարձնել։

Փոխարենը՝ իրենք են թալանով զբաղված։ Պետական միջոցներն ուզածի չափ դատարկում են սեփական գրպաններն ու դեռ չեն հագենում։

Այդքանից հետո, Նիկոլ Փաշինյանը դեռ նախկինների թալանից է խոսում։

Ասում է՝ 8 մլրդ դոլար թալանված, ստվերում գտնվող գումար վերադարձել եմ պետական բյուջե:

Կարդացեք նաև

«Այն գումարները, որ իրենց գրպանն էր հոսում, այլևս իրենց գրպանը չի հոսում, ձեր գրպանն է հոսում: Ո՞նց է հոսում ձեր գրպան, թոշակների ձևով: Ես 8 տարի վարչապետ եմ, 7 տարբեր որոշումով անդրադարձել եմ թոշակին, նվազագույն թոշակը եռապատկել ենք: Ո՞նց է հոսում ձեր գրպանը, առողջության ապահովագրության տեսքով»,- ՔՊ քարոզարշավի ժամանակ կոկորդ պատռելով՝ գոռում է Նիկոլ Փաշինյանը։

Համարենք, որ ճիշտ է ասում, 8 միլիարդ թալանված, ստվերում գտնվող գումար է վերադարձրել պետական բյուջե։ Հիմա տեսնենք, թե այդ գումարը ո՞նց է հոսել թոշակառուի գրպան, ի՞նչ է շահել դրանից թոշակառուն։

Կապ չունի, թե 8 տարում թոշակների վերաբերյալ քանի որոշում է ընդունել Նիկոլ Փաշինյանը։ Կարող էր 7 չէ, 17 կամ 27 որոշում ընդունել, ի՞նչ է փոխվում դրանից։ Փաստն այն է, որ ՔՊ իշխանության տարիներին թոշակառուների կյանքը ոչ միայն ոչնչով չի բարելավվել, այլև նույնիսկ վատացել է։

8 տարում՝ սկսած 2018թ. մինչև 2026թ., թոշակները Հայաստանում բարձրացել են ընդամենը 8679 դրամով։

Սա օդից վերցրած թիվ չէ, սա պաշտոնապես հրապարակված ցուցանիշ է։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, 2017թ. վերջին, երբ ՔՊ-ն դեռ իշխանությունը չէր զավթել, միջին կենսաթոշակը Հայաստանում կազմում էր 40.296 դրամ։ 8 տարի հետո կամ 2025թ. վերջին կազմել է 48.975 դրամ։

ՔՊ-ական իշխանության 8 տարիներին միջին կենսաթոշակը Հայաստանում ավելացել է ընդամենը 8679 դրամով։ Սա այն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ասած՝ հետ բերած 8 մլրդ դոլարից գնացել է թոշակառուի գրպան։

8 տարում միջին կենսաթոշակը Հայաստանում աճել է ընդամենը 21.5 տոկոսով։ Այդ նույն ժամանակ կուտակային գնաճը կազմել է 29.4 տոկոս։ Սննդամթերքի միջին գներն էլ բարձրացել են ավելի քան 35 տոկոսով։

Հիմա, եթե համեմատում ենք թոշակների աճն ու գնաճը, նույնիսկ ոչ սննդամթերքի գնաճը, ունենում ենք այն, որ ՔՊ իշխանության 8 տարիներին թոշակառուների թոշակներն ավելի քիչ են բարձրացել, քան նույնիսկ միջին գնաճն է եղել։ Ու դա նշանակում է, որ նրանք 2025թ. վերջին նույնիսկ ավել վատ են ապրել, քան ապրում էին նախկինների ժամանակ կամ 2017թ. վերջին։

Այսպես է Նիկոլ Փաշինյանը բարելավել թոշակառուների սոցիալական վիճակը ու հիմա իրեն ճղելով փորձում է համոզել, թե հետ բերած «թալանը, ստվերում եղած գումարները» գնացել են թոշակառուների գրպան։ Թոշակառուների գրպանն այդ գումարներից գրեթե ոչինչ չի գնացել։ Անվանական գուցե մի քանի հազար դրամով աճել է թոշակառուի գրպանի պարունակությունը, բայց դրանից թոշակառուն ավելի լավ չի ապրել։

Եթե համադրենք թոշակների բարձրացումը գնաճի հետ, որն ավելին է եղել, քան թոշակների բարձրացումը, բնական հարց է առաջանում՝ ե՞րբ թոշակառուն «պերաշկի» ու «կարտոշկա» ուտելու հնարավորություն չի ունեցել, և ո՞վ է թոշակառուից գողացել, որ սև իկրա «զխտկվի», ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։

Նույնը եղել է նաև մյուս սոցիալական խոցելի խմբի, մասնավորապես՝ նպաստառուների պարագայում։ Նրանց գրպանն էլ ոչինչ չի հոսել թալանի ու ստվերում գտնվող գումարների վերադարձից։ Իհարկե, անցած 8 տարում նպաստներն ավելի շատ են բարձրացել։ 2017թ. վերջին միջին նպաստի չափը Հայաստանում կազմում էր 17.824 դրամ։ Արդեն 2025թ. վերջին կազմել է 36.553 դրամ։

Առաջին հայացքից նպաստները կրկնապատկել են։ Բայց դա էլ «թալանի ու ստվերից բերած գումարների» հաշվին չեն արել։ Արել են նույն նպաստների ու նպաստառուների հաշվին։ Նպաստառուների կեսից ավելիին կրճատել են, մյուս կեսի նպաստներն ավելացրել են ու ցույց տվել, թե նպաստ են բարձրացրել։

Եթե 2017թ. վերջին Հայաստանում սոցիալապես անապահով 100 հազարից ավելի ընտանիք էր նպաստ ստանում, 2025թ. վերջին այդ ընտանիքների թիվը եղել է ընդամենը 48.700։ 8 տարում շուրջ 52.000 ընտանիքի դուրս են թողել նպաստառուների խմբերից, իսկ նրանց ստացած գումարների հաշվին բարձրացել են մյուսների նպաստները։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ասած՝ 8 միլիարդը նպաստառուների գրպանն էլ չի մտել։

Հասարակ քաղաքացիների գրպանն էլ չի մտել, այլապես Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին հիմա աղքատ չէր լինի։

Իսկ ո՞ւմ գրպանն են մտել այդ գումարները։ Սա թերևս ամենակարևոր հարցն է։

Այդ գումարները գնացել են ոչ թե թոշառակուների, նպաստառուների ու հասարակ քաղաքացիների, այլ առաջին հերթին իշխանությունների գրպանները։ Կհարցնեք, ինչպե՞ս, շատ պարզ, ասենք՝ բնակարաններ են ձեռք բերել ու եկամտային հարկի հետվերադարձի միջոցով գումարները հանել են պետական բյուջեից։ Միայն այդ խողովակով 8 տարում ավելի քան 1 մլրդ դոլարի հետվերադարձ են արել բյուջեից։ Արել են, բյուջեի գումարների հաշվին։ Երբեմն մեկի փոխարեն, մի քանի բնակարան են գնել։

Սրա պատճառով պետական բյուջեի բեռը տարեկան արդեն հասնում է գրեթե 300 մլն դոլարի ու առաջիկա տարիներին դեռ շարունակելու է ավելանալ։

Կարող էին սրա փոխարեն թոշակներն ավելացնել, կարող էին այնպես անել, որ այդ գումարները գնային թոշակառուների գրպանը, բայց նախընտրել են իրենցը։

Միայն դրանով չեն լցրել սեփական գրպանները։ Բյուջեի հաշվին տարեկան միլիարդների հասնող պարգևավճարներ են բաժանել։ Հիմա էլ նոր անուն են հորինել՝ միլիոններով խրախուսական գումարներ են ստանում։

Սրանք ընդամենը երևացող խողովակներն են, որոնցով միլիարդներ են դուրս եկել։ Բայց այդպիսի խողովակները 1 կամ 2-ը չեն, շատ են։ Թե չերևացող խողովակներով ինչքա՞ն գումարներ են հանել, դա էլ հետո կերևա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930