Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած․ «Հետք»
Մինչ հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատության մեջ է ապրում. գրում է «Հետք»-ը։
«Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում երեխաների 28 %-ն աղքատ է, իսկ 0.9 %-ը՝ ծայրահեղ աղքատ։
Այս մասին են վկայում աղքատության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) վերջին հաշվարկները, որոնք ամփոփում են 2024 թվականը։ Տվյալները վերաբերում են 0-18 տարեկաններին։
Եթե դիտարկենք առանձին, ապա տղա երեխաների շրջանում աղքատության մակարդակը փոքր-ինչ ավելի բարձր է՝ 28.1%։ Աղքատ է աղջիկ երեխաների 27.9 %-ը։
Մարզերից երկուսում՝ Շիրակում և Տավուշում, երեխաների կեսից ավելին աղքատ են։ Ընդ որում՝ Շիրակում բարձր է նաև մանկական ծայրահեղ աղքատությունը (տե՛ս ինֆոգրաֆիկան)։
Մանկական աղքատության մակարդակը միջինից բարձր է նաև Վայոց ձորում, Արմավիրում, Գեղարքունիքում, փոքր չափով՝ Կոտայքի մարզում։
Մանկական աղքատությունն ամենացածրը Սյունիքի մարզում է։ Առհասարակ, Սյունիքում աղքատության ամենացածր մակարդակն է (ոչ միայն երեխաների, այլև՝ ամբողջ բնակչության հաշվարկով):
Մանկական աղքատությունը միջինից ցածր է նաև Լոռիում, Արարատում, Երևանում և Արագածոտնում։ Որոշ մարզերում ծայրահեղ աղքատ երեխաներ, ըստ Վիճկոմիտեի հաշվարկների, չկան»,- նշում է լրատվամիջոցը։



