Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած Արտակ Ավետիսյանի մեղադրանքը փոխվել է․ փաստաբան
Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակվել է, ու հիմա ատելության խոսքի տարածման փոխարեն նրան ներկայացվել է խուլիգանության մեղադրանքը։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մայիսի 12-ին տեղեկացրել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն էր անցկացվել։ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը կալանավորվել է 1 ամսով, նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։
«Այն նույն ձայնագրությունը, որն առաջ որակվում էր որպես ատելության խոսք, հիմա որակվում է որպես խուլիգանություն։ Խուլիգանությունը ռեժիմի վերջին ամենասիրած հանցակազմն է, եթե այլ մասերով խնդիր է ունենում, արագ որակվում է խուլիգանություն»,- նշել է Մելիքյանը։
Նա զուգահեռներ է անցկացրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերի միջև, որոնց քաղաքական քննադատությունը ևս որակվել է որպես խուլիգանություն։
«Մարդիկ կարող են ասել՝ այդ խոսույթը լավն է, լավը չէ, ինչ ուզում եք՝ կարող եք քննարկել, բայց մի բան փաստ է՝ դա որևէ հանցագործություն չի կարող դիտվել, որովհետև ազատ խոսքի դրսևորում է, ատելության խոսք չէ։ Եթե մենք դասական ատելության խոսքի իրականացնող Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարց չենք բարձրացնում, ապա դա ուղղակի ոչ իրավաչափ է, հակաժողովրդական»,- ընդգծել է Մելիքյանը։
Պաշտպանի խոսքով՝ քննիչն այսօր արդեն նախաքննության ավարտի մասին է հայտնել, ինչը, ըստ Մելիքյանի, սպասելի էր։ Նրա կարծիքով՝ առաջին դատական նիստն ամենայն հավանականությամբ կկայանա ընտրություններից 1-2 օր հետո։
Մելիքյանը հիշեցրել է, որ Արտակ Ավետիսյանը 3 երեխաների հայր է, որոնցից 2-ն անչափահաս են։ Կինը հղի է, սպասում են 4-րդ երեխային։



