Վրաստանի վարչապետը խոստացել է պաշտպանել քրիստոնեությունը
Տիրոջ հովանու ներքո և Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ մենք հաստատակամորեն կպաշտպանենք քրիստոնեությունը, ուղղափառությունը և այն բոլոր արժեքները, որոնք կազմում են վրաց ժողովրդի էությունն ու բովանդակությունը։ Այս մասին Սուրբ Երրորդության մայր տաճարում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Georgia Online-ը։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այս տարվա մայիսի 17-ը առանձնահատուկ է նաև նրանով, որ այսօր առաջին անգամ հանդիսավոր պատարագը մատուցեց Նորին Սրբություն և Երանաշնորհ Շիո III-ը, որը Տիրոջ կամքով, Իլիա II-ի կտակի համաձայն և Սուրբ Սինոդի աջակցությամբ դարձել է համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը։
«Տիրոջ հովանու ներքո և Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ մենք հաստատակամորեն կպաշտպանենք քրիստոնեությունը, ուղղափառությունը և այն բոլոր արժեքները, որոնք կազմում են վրաց ժողովրդի էությունն ու բովանդակությունը։ Թող Տերը օրհնի մեր Մայր Եկեղեցին, թող Տերը օրհնի մեր Կաթողիկոս-Պատրիարքին, թող Տերը օրհնի մեր Հայրենիքը, թող Տերը օրհնի մեր ժողովրդին», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նշել է, որ Իլիա II-ի մահը յուրաքանչյուր վրացու ստիպել է առանձնակի սրությամբ գիտակցել քրիստոնեության, սիրո և միասնության նշանակությունը։
«Այս տարի մենք առաջին անգամ նշում ենք այս օրը առանց Նորին Սրբության և Երանաշնորհ Իլիա II-ի։ Մայիսի 17-ը մեզ համար առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ այս տոնը հաստատվել է մեր սիրելի Պատրիարքի կողմից։ Կես դարի ընթացքում մեր գիտակցության մեջ հենց պատրիարքի մեջ էին մարմնավորված բոլոր այն արժեքները, որոնք ենթադրում են քրիստոնեությունն ու ուղղափառությունը։ Մեր հոգևոր հոր՝ Նորին Սրբություն և Երանաշնորհ Իլիա II-ի մահը մեզանից յուրաքանչյուրին ստիպեց առանձնակի սրությամբ գիտակցել քրիստոնեության, սիրո և միասնության նշանակությունը։ Շնորհակալություն Նորին Սրբությանն ու Երանաշնորհին այն հսկայական աշխատանքի համար, որը դեռ երկար կլուսավորի մեր երկրի ճանապարհը քրիստոնեական արժեքների և ավանդույթների պաշտպանության գործում», — հայտարարել է Վրաստանի վարչապետը։



