Ադրբեջանում կալանավորված 11 ռուսաստանցիների ազատ արձակումը կամրապնդի երկու երկրների հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
2025 թ. ամռանն Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ գերատեսչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Անվերապահ առաջնահերթություն է մնում ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակումը, որոնք 2025 թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը կալանավորվել են Ադրբեջանում: Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը սերտ կապի մեջ է ինչպես հենց նրանց, այնպես էլ նրանց հարազատների հետ: Պարբերաբար բարձրացնում ենք այդ հարցն ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ: Այդ խնդրի շատ արագ լուծումը կդառնա կարևոր քայլ մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին», – նշել է նա:
Ադրբեջանում Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիները ձերբակալվել էին Իրանից թմրանյութերի մաքսանենգության և տարածման, ինչպես նաև կիբեռխարդախության մեղադրանքներով։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների և երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։



