Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում: Նշվում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված։
«Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»,- գնահատել է միջազգային կազմակերպությունը:
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ:
«Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում»,- ասված է զեկույցում:
Իրավապաշտպանները նկատում են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ:



