Մալիի նախագահը հայտարարել է, որ իշխանությունները լիովին վերահսկում են երկրում տիրող իրավիճակը
Մալիում իրադրությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ասիմի Գոիտան ազգին ուղղված ուղերձում։
Պետության ղեկավարն առաջին անգամ է հրապարակային ելույթ ունեցել ապրիլի 25-ից ի վեր, երբ երկրի մի քանի շրջանում սկսվեցին արմատական խմբավորումների համակարգված հարձակումներ։
«Իրադրությունը վերահսկողության տակ է», – ասել է նա։
Գոիտան հավելել է, որ արմատական զինված խմբավորումների դեմ գործողությունը կշարունակվի մինչև դրանց լիակատար ոչնչացումը և երկրի ամբողջ տարածքում անվտանգության հաստատուն վերականգնումը։
Նախագահը նշել է Սահելի պետությունների համադաշնության (Բուրկինա Ֆասո, Մալի, Նիգեր) համատեղ գործողությունները և այն ջանքերը, որոնք ձեռնարկում են համադաշնության միացյալ ուժերը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար։ Գոիտան նաև բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության դերը։ «Ցանկանում եմ նշել մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության բարձր որակը», – ասել է նա։
Նախագահը հայրենակիցներին կոչ է արել չտրվել թշնամական ուժերի կողմից հասարակությունը պառակտելու փորձերին։
Ապրիլի 25-ին կառավարական զորքերը Մալիի միջազգային դաշնակիցների աջակցությամբ հետ են մղել արմատական խմբավորումների բազմաթիվ հարձակումները և կեսօրին մոտ վերականգնել իրադրության վերահսկողությունը:
Հարձակումների հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարար Սադիո Կամարան։
Մալիում գտնվող ռուսական «Աֆրիկյան կորպուսի» շարքում ևս կան զոհեր։



