Բաժիններ՝

2012 թվականին աշխարհում հարկադիր վերաբնակների քանակը հասել է գրեթե 45.2 միլիոն մարդու. ՄԱԿ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին աշխարհում հարկադիր վերաբնակների քանակը հասել է գրեթե 45.2 միլիոն մարդու: Դա առավելագույն ցուցանիշն է վերջին 18 տարվա համար:

Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի վարչության (UNHCR) այսօրվա զեկույցում: UNHCR-ի տվյալներով՝ այսօր փախստական է հանդիսանում 15.4 միլիոն մարդ, 937.000 մարդ փորձում է հասնել ապաստան ստանալուն, իսկ 28.8 միլիոն մարդ էլ ներքին տեղահանված է:

Ընդ որում, UNHCR-ն ընդգծել է, որ զեկույցում հաշվի առնված չեն Սիրիայի այն բնակիչները, որոնք ընթացիկ տարում հարկադրված են եղել լքել իրենց տները: Զեկույցում նշված է, որ հիմնական պատճառը, որը մարդկանց հարկադրում է լքել իրենց տները, պատերազմն է:

Զեկույցում նշված է, որ հարկադիր վերաբնակների 55 տոկոսը բաժին է ընկել այն երկրներին, ուր ընթանում են ռազմական գործողություններ՝ Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սիրիա և Սուդան: Փախստականների քանակով առաջին տեղում նախորդ 32 տարվա նման Աֆղանստանն է:

UNHCR-ն ընդգծել է, որ աշխարհում յուրաքանչյուր գրեթե չորրորդ փախստականն Աֆղանստանից է: Ընդ որում, աֆղան փախստականների 95 տոկոսն ապաստան է ստանում Պակիստանում ու Իրանում:

Զեկույցում նշված է, որ հենց զարգացող երկրներն են ընդունում փախստականների մեծ մասին՝ 81 տոկոս: 2012 թվականին փախստականներին ընդունելու ցուցանիշով առաջատարը Պակիստանն է, ով նախորդ տարի ընդունել է 1.6 միլիոն մարդու:

Երկրորդ տեղում Իրանն է՝ 868.200 փախստական, իսկ երրորդ տեղում Գերմանիան է՝ 589.700 փախստական: UNHCR-ի այս զեկույցը հրապարակվել է Փախստականների համաշխարհային օրվա նախօրեին, որը նշվում է հունիսի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս