ԻՐԱՆԸ ՎԱ ԲԱՆԿ Է ԳՆՈՒՄ. ԹՐԻՓՓ-Ի ՀԱՐՑՈՒՄ ԻՐԱՆՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՈՒԺԱՅԻՆ ԼԾԱԿ. ԱԲԲԱՍ ՋՈՒՄԱ
«Իրանը խփելու է այն տեղերին, որտեղ, ըստ Թեհրանի, կենտրոնացած է սպառնալիք Իսլամական հանրապետության համար»,- այս մասին այսօր 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման եթերում նշել է ռուս լրագրող, քաղաքական մեկնաբան Աբբաս Ջուման՝ անդրադառնալով Իրանի դեմ պատերազմին ու դրա հետևանքներին Հարավային Կովկասում:

Աբբաս Ջուման գտնում է, որ բարդ է ներկայումս կանխատեսել պատերազմի ու բանակցությունների ընթացքը, քանի որ հնարավոր է թե պատերազմի թեժ փուլի վերսկսում, թե բանակցային գործընթաց, չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի յուրաքանչյուր հայտարարություն հեռացնում է կողմերին բանակցություններից:
Խոսելով Հարավային Կովկասից, ռուսաստանցի քաղաքական մեկնաբանն ասաց, որ պատերազմը փոխում է Իրանի մոտեցումները, դրանք ավելի կոշտ են դառնում: Նրա խոսքով, եթե պատերազմը շարունակվի, եթե այն ծավալվի, ապա մեծ է ռիսկը պատերազմ այլ խաղացողների ներքաշման համար:
«Որևէ մեկի համար Ադրբեջանի ու Իսրայելի սերտ համագործակցությունը գաղտնիք չէ, Իսրայելի դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտությունում ևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, այն, որ Ադրբեջանի վրա խաղադրույք է դրված Իրանի հակառակորդների կողմից, դա փաստ է: Այն, որ ադրբեջանական տարածքներն օգտագործում են Իրանին հետևելու, դիվերսիաներ իրագործելու, հետախուզության նպատակով, դա փաստ է: Այն, որ դա իրանցիները լավ գիտեն, ևս փաստ է: Այն, որ իրանցիները պաշտոնական Բաքվին կասկածանքով են վերաբերվում, ևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: Այս փաստերի համակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ, այո, Ադրբեջանը որոշակի փուլում կարող է դառնալ եթե ոչ՝ խաղացող, ապա՝ հարթակ, և որոշակի պատիժ կրել դրա համար, քանի որ իրանցիները հարցեր չեն տալու, խնդրելու, հանդուրժելու, այդ փուլն անցել է: Իրանցիները հարվածներ կհասցնեն, եթե համարեն, որ Ադրբեջանի տարածքից սպառնալիք կա»,- նման կարծիք հայտնեց Ջուման՝ շարունակելով նշել, որ Ալիևը դեռևս կարողանում է բալանսավորել, զգուշավորություն է դրսևորում, ինչպես և իր ավագ եղբայրն Անկարայում:
Ջուման նշեց, որ Թեհրանը չափազանց անհանգստացած է այն փաստից, որ Երևանը խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով, Իրանն իրավունք ունի անհանգստանալ այդ փաստից, քանի որ Իրանը պատերազմում է: Ջուման գտնում է, որ այսօր Իրանը պատերազմում է և իրավունք ունի «Թրամփի ուղու» նման պրոյեկտները դիտարկել՝ որպես ագրեսիայի բաղադրիչ: «Ի՞նչ է նշանակում՝ Թրամփի ուղի, իսկ Իրա՞նը, իսկ Հայաստանին հասանելիությո՞ւնը, իսկ ի՞նչ, եթե այն երկակի նշանակության երթուղի է: Հնարավոր է, որ միայն առևտրի մասին չի խոսքը գնում: Եվ արդեն պատերազմող, ուժ ցույց տվող Իրանն ինչպե՞ս պետք է պատասխանի՝ ըստ Ձեզ»,- նշեց նա:
Աբբաս Ջուման նշեց, որ չի փորձում կանխատեսել, սպառնալ, բայց, նրա կարծիքով, որքան խորանում են Երևանի ու Իրանի թշնամիների հարաբերությունները, այնքան շատ հարցեր Իրանը կունենա Երևանին: «Եվ երբ ես ասում եմ, որ վերանայվելու են Իրանի հարաբերությունները, մոտեցումները հարևաններին, դա վերաբերում է նաև Հայաստանին: Այս իրավիճակում ինչպե՞ս Հայաստանը կբալանսավորի, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ Իրանն իրավունք ունի զգուշանալ ԹՐԻՓՓ-ից, այն ամենից, ինչ վերաբերում է Երևանի ու Վաշինգտոնի, Երևանի ու Փարիզի հարաբերություններին»,- ասաց վերլուծաբանը:

Թե ի՞նչ լծակներ ունի Իրանն այս հարցում, Աբբաս Ջուման ասաց, որ Իրանն ունի, այդ թվում՝ ուժային լծակ: «Իրանը վա բանկ է գնում, կարելի էր ինչ-որ բան ասել մինչ պատերազմը, իսկ քանի դեռ Իրանը կա այն ձևով, ինչպես որ կա այսօր՝ պատերազմի ծանրությունը զգալով, հասկանալով, որ այս մարդկանց հետ խոսելն անիմաստ է, խփելու է այն տեղերին, որտեղ, ըստ Թեհրանի, կենտրոնացած է սպառնալիք իսլամական հանրապետության համար: Թե ինչպես է ներկայիս իշխանությունը մեկնաբանելու ԹՐԻՓՓ-ը, դժվար է ասել: Սակայն, եթե ՀՀ-ն արհամարհի Իրանի բազային սկզբունքները, եթե լինի սպառնալիք Իրանի ազգային անվտանգությանը, եթե Իրանն այդպես ընկալի, ապա իրանցիները ձեռքերը ծալած չեն նստի»,- ասաց Ջուման:



