Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում քննարկել են Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի իրավիճակը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հրավերով, մասնակցել է Անթալիայի դիվանագիտական հինգերորդ ֆորումի աշխատանքներին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառման շրջանակում Ֆիդանի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում նրանք մանրամասն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում։
«Վերահաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը հետագա կառուցողական փոխգործակցությանը՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով»,- նշել են ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Կողմերը «ժամացույցներն են համաժամեցրել» ռուս-թուրքական երկխոսության արդի քաղաքական հարցերի շուրջ, քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հիմնական խնդիրները։
Նախանշվել է առաջիկա շփումների ժամանակացույցը։



