Փաշինյանը խոստովանել է հանցանքը
«Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարության ու արդարադատության զգացում չենք ունենալու, քանի որ ՀՀ-ում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Հարցը պետք է լուծել առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով»,- օրերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` հերթական արհեստական հիմնավորումը հորինելով Սահմանադրության փոփոխության համար:
Նա կրկին երկար-բարակ խոսել է այն մասին, թե իբր ՀՀ գործող Սահմանադրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը և «օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ»:
«Այս դեպքում ինչ ուզում ես՝ արա, արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և, ցավոք, երբեք չենք ունեցել»,- ասել է նա:
Ենթադրենք` Նիկոլ Փաշինյանը ոչ թե մանիպուլացնում է` սովորության ու Ադրբեջանի պահանջին չենթարկվելու անկարողության պատճառով, այլ ճիշտ է ասում` Սահմանադրությունն օրգանական կապ չունի ժողովրդի հետ: Այսինքն` ըստ իր այդ տրամաբանության ու սիրելի բառամթերքի` կապ ունի քրեաօլիգարխիայի, թալանի, կեղծարարության հետ: Այդ դեպքում ստացվում է, որ իրեն՝ իշխանություն, Հայաստանին ու հայ ժողովրդին` ողբերգություններ բերած հեղափոխությունը ոչ թե «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական է», ինչպես ականջ է սղոցում 8 տարի, այլ՝ քրեաօլիգարխիկ, թալանչիական ու կեղծված:
2018 թվականից հետո նա ինքն է ի լուր աշխարհի գլուխ գովում, թե իշխանության է եկել միայն ու բացառապես սահմանադրական ճանապարհով, թե իր իշխանազավթումն ավելի սահմանադրական է, քան սահմանադրության գաղափարն ինքնին: Հիմա ստացվում է, որ 8 տարի շարունակ նա Հայաստանում իշխանություն ունի ժողովրդի հետ օրգանական կապ չունեցող Սահմանադրությամբ: Գուցե այդ թվում՝ նաև այդ պատճառով է օրգանական կապ հաստատում առաջին դեմ տված ադրբեջանական պահանջի ու առաջին պատահած ադրբեջանական շահի հետ` անունը դնելով «Խաղաղություն»:
Իրականությունն այն է, որ ՀՀ բոլոր Սահմանադրությունները, այդ թվում` գործողը, բազմաթիվ խնդիրներով, ապահովել են ժողովրդի բնականոն և ապահով կյանքն այսօրվանից մի քանի հազար քառակուսի կիլոմետրով ավելի մեծ հայրենիքում: Դա եղել է չբարձրաձայնվող, բայց խիստ օրգանական կապ` իշխանության աղբյուր՝ ժողովրդի ու Սահմանադրության միջև: Նիկոլ Փաշինյանը, սակայն, իշխանության աղբյուրը վերածել է ցայտաղբյուրի` պուլպուլակի` ի հիշատակ նախկին Հայաստանի և ի հավերժացում սեփական իշխանության: Անօրգանիկ, ինչպես իր իսկ քայլող արձանը սեփական ծննդավայրում:
Առաջիկա ընտրություններում իշխանության աղբյուր ժողովուրդը լայն իմաստով մեկ անելիք ունի` կա՛մ հաստատել սեփական երկրի, նրա անցյալի ու ապագայի պուլպուլակացումը` 2018-2026 թվագրությամբ, կա՛մ այս պահին անհնարին թվացող միջոցով ձևավորել նոր իշխանություն` Հայաստանն այս վիճակին հասցրած իշխանության ամոթի պուլպուլակը կանգնեցնելու հեռանկարով:



