Ինչպես է փոխվել Վրաստանի և հարևան երկրների բնակչությունը 2000-2025թթ.
Վերջին 25 տարիների ընթացքում բնակչության աճի միտումները զարգացել են երկու հակադիր ուղղություններով. որոշ երկրներում բնակչությունն աճել է մի քանի անգամ, իսկ մյուսներում՝ կայուն կերպով նվազել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Visual Capitalist վերլուծական հարթակը ներկայացրել է տվյալներ, որոնք արտացոլում են 2000-2025 թվականներին բնակչության թվի փոփոխությունները։ Այս տվյալներից պարզ է դառնում, որ երկրների մեծ մասում բնակչությունն աճել է, սակայն գրեթե յուրաքանչյուր յոթերորդ երկրում արձանագրվել է անկում։
Ըստ հետազոտության՝ երկրների մի փոքր խմբում գրանցվել է բնակչության կտրուկ աճ։ Այս հարցում առաջատարը Կատարն է, որտեղ բնակչության թիվը 2000-ից 2025 թվականն ընկած ժամանակահատվածում աճել է ավելի քան 400%-ով։
Վրաստանն զբաղեցնում է 13-րդ տեղը այն երկրների շարքում, որտեղ 2000-2025 թվականներին բնակչությունն ամենաշատն է նվազել։ Ըստ այս տվյալների՝ Վրաստանում արձանագրվել է բնակչության 10,3%-անոց անկում։
Վրաստանի հարևան երկրների շարքում վերջին 25 տարում բնակչությունը նվազել է նաև Հայաստանում և Ռուսաստանում։ Հայաստանում անկումը կազմում է 3,3%, իսկ Ռուսաստանում՝ 0,7%։
Հատկանշական է, որ հարևանների թվում բնակչությունն ամենաշատն աճել է Թուրքիայում։ Մասնավորապես, վերջին 25 տարում այնտեղ գրանցվել է 33,9%-անոց աճ։ Բարձր ցուցանիշ ունի նաև Ադրբեջանը, որտեղ հաշվետու ժամանակահատվածում բնակչությունն աճել է 29,1%-ով։



