ԱՄՆ-ն հայտարարել է, որ մինչև տարեվերջ կստանա Abrams-ների առաջին դասակը՝ ԱԲ տեխնոլոգիայով
Նոր վերափոխման (M1E3) Abrams տանկերի առաջին դասակը՝ հանդերձված արհեստական բանականության տեխնոլոգիաներով, ԱՄՆ ցամաքային զորքերի սպառազինությունում կհայտնվի դեկտեմբերին։ Այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լանիվը։
«2026 թ. հունվարին նախատիպի շնորհանդեսից հետո, որը տեղի ունեցավ նախատեսվածից հինգ տարի շուտ, չորս սկզբնական նախատիպերից բաղկացած առաջին դասակը տեխնոլոգիաների ցուցադրման համար զորքերում կստացվի 2026 թ. դեկտեմբերին», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Լանիվի խոսքով՝ մշակումների արագացումը թույլ կտա տնտեսել հարյուր միլիոնավոր դոլար։
«Արդյունքում ստացվում է մի հարթակ, որը 25%-ով ավելի թեթև է և 50%-ով ավելի խնայողական, որը նվազեցնում է լոգիստիկայի ծախսերը և թույլ է տալիս կատարել գաղտնի դիտարկում։ Այն ունի անօդաչու թռչող սարքերի հակազդման բացառիկ հնարավորություններ և ներառում է արհեստական բանականությամբ աշտարակ՝ թիրախի արագ նշանառման համար», – ասել է գեներալը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Bloomberg գործակալությունը, M1E3 Abrams տանկի հիմնական առանձնահատկությունը Caterpillar ընկերության հիբրիդային շարժիչն է, որը կարող է փոխարկվել դիզելային քարշից էլեկտրականի։ Մեքենան 20 տոննայով թեթև կլինի ավելի հին մոդելներից՝ կշռելով մոտավորապես 60 տոննա, ինչը թույլ կտա մեծացնել վառելիքի խնայողությունը:



