«Ռեկորդային» 0.3 տոկոս աճ. Գևորգ Պապոյանի զբոսաշրջային «փուչիկը»

Երբ հունվարին զբոսաշրջային հոսքերը Հայաստան ավելացան, էկոնոմիկայի նախարարը շտապեց հայտարարել, թե այս հունվարը Հայաստանի բոլոր հունվարներից լավագույնն է եղել։ Սակայն հաջորդ ամիսներին Գևորգ Պապոյանը դադարեց խոսել «լավագույն հունվարների» մասին։

Հաջորդ ամիսներին, չնայած զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվանից ավելի էին, այնուհանդերձ դրանք այլևս «պատմական ռեկորդ» չէին։

Ինչպես փետրվարին, այնպես էլ մարտին զբոսաշրջային հոսքերն ավելացան, բայց անցած տարվա նվազումից հետո։ Հոսքերն այդպես էլ չվերականգնվեցին նվազումից առաջ եղած մակարդակին։ Այս տարվա՝ ինչպես փետրվարին, այնպես էլ՝ մարտին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել, քան 2024թ. նույն ամիսներին։ Երկու տարի առաջվա համեմատ՝ զբոսաշրջային հոսքերը կրճատվել են։ Էկոնոմիկայի նախարարն այդ մասին չի խոսում, փոխարենը՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը գտնվում է զբոսաշրջային հոսքերի ռեկորդային մակարդակի վրա։

«Զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շատ լավ արդյունքներ է գրանցել։

Կարդացեք նաև

Մասնավորապես, այս տարվա երեք ամիսներին Հայաստան է եկել 453.138 զբոսաշրջիկ։ Սա 18,2 տոկոսով կամ ավելի քան 70 հազար զբոսաշրջիկով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր էկոնոմիկայի նախարարը։

Այդ «ռեկորդային ցուցանիշը», որի մասին խոսում է էկոնոմիկայի նախարարը, գրանցվել է բացառապես հունվարի հաշվին։ Հաջորդող ամիսներին հոսքերն այլևս այն չեն եղել, ավելի քիչ են եղել, քան նույնիսկ 2 տարի առաջ էին, ու դա մտածելու տեղիք է տալիս։ Հատկապես այն միլիոնավոր դոլարների ներդրումներից հետո, որոնք ուղղվում են զբոսաշրջությունը խթանելու ու նոր կլաստներ ձևավորելու համար։ Պարտքեր են վերցնում զբոսաշրջություն զարգացնելու, զբոսաշրջային հոսքերն ավելացնելու համար, բայց ինչպես տեսնում ենք, միշտ չէ, որ դրանք ավելանում են։

Օրինակ՝ այս տարվա փետրվարին Հայաստան անհամեմատ ավելի քիչ տուրիստ է եկել, քան եկել էր 2024թ.։ 2024թ. փետրվարին տուրիստական հոսքերը կազմել էին 127.2 հազար, այս տարվա փետրվարին՝ շուրջ 121.3 հազար։ Երկու տարվա կտրվածքով գրեթե 6 հազարի նվազում է եղել։

Նույնը կրկնվել է նաև մարտին։ Այս տարվա մարտին ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան 2024թ. նույն ամսին։ Այս տարի եկել է 152.4 հազար, 2024թ. մարտին եկել էր 152.8 հազար։

Էլ չենք խոսում 2023թ. մասին, երբ տուրիստական հոսքերն այդ ամիսներին անհամեմատ ավելի շատ էին։ 2023թ. փետրվարին Հայաստան ավելի քան 130 հազար տուրիստ էր եկել՝ գրեթե 9 հազարով ավելի, քան այս տարի։ Մարտին էլ 160 հազար էր եկել՝ այս տարվա 152.4 հազարի դիմաց։

Այս ամիսներին տուրիստական հոսքերի, իրենց սիրած՝ պատմական ռեկորդները 2-3 տարվա հնության են։ Երկու-երեք տարի է՝ չեն կարողանում այդ ռեկորդները թարմացնել։ Ու դա խոսում է ոչ միայն զբոսաշրջության ոլորտում իշխանությունների իրականացրած ծրագրերի «արդյունավետության», այլև բերած «խաղաղության» մասին։ Դեռ անցած տարի էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե խաղաղությունն արդեն տալիս է իր արդյունքները՝ տուրիզմը Հայաստանում լավագույն ժամանակներն է ապրում ու այսուհետ միայն այդպես է լինելու։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես է տուրիզմն իր լավագույն ժամանակներն ապրում։

Այդ «լավագույն ժամանակներում» տուրիստական հոսքերն ավելի քիչ են, քան այն ժամանակ, երբ տուրիզմը լավագույն ժամանակները չէր ապրում, «խաղաղությունն» էլ դեռ չէին բերել։

Ընդհանուր առմամբ 2026թ. փետրվար-մարտ ամիսներին 7.1 հազարով ավելի քիչ տուրիստ է եկել Հայաստան, քան 2024թ. նույն ամիսներին, 17.2 հազարով ավելի քիչ, քան 2023թ. նույն ամիսներին։

Հունվարը, իհարկե, բացառություն է ու բացառապես դրա շնորհիվ է, որ էկոնոմիկայի նախարարն իրեն իրավունք է վերապահում «ռեկորդների» մասին խոսել։ Չնայած, եթե մի փոքր երկար մտածեր, գուցե հրաժարվեր նման վերամբարձ հայտարարություններից։

Ռեկորդները, որի մասին խոսում է իշխանության ամենաակտիվ քարոզիչներից մեկը, նույնիսկ աճ դժվար է ասել։ Չե՞ք հավատում, ինքներդ համոզվեք։

Մինչև հիմա առաջին եռամսյակի արդունքներով, Հայաստան զբոսաշրջային հոսքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2023թ.։ Այն ժամանակ զբոսաշրջային հոսքերը գերազանցել էին 451.8 հազարը։ Այս տարի հասել են 453.1 հազարի։ Հիմա նայեք տարբերությունը՝ ընդամենը 1.3 հազար է։

Այդ 1.3 հազարն է ռեկորդը, որին կարողացել են հասնել 3 տարի հետո։

Աճը 3 տարում կազմել է հազիվ 0.3 տոկոս։ «Մեծ նվաճում է» ու «ռեկորդային» աճ էկոնոմիկայի նախարարի համար։

Այսպիսի աճերով ու նվաճումներով էլ զբոսաշրջություն են զարգացնում ու խթանում։ Երեք տարում զբոսաշրջային հոսքերն ավելացել են 0.3 տոկոսով։ Ու այդ 0.3 տոկոսն է այն ռեկորդը, որով հպարտանում է էկոնոմիկայի նախարարը։

Այդքանից հետո, վերջերս էլի 100 մլն դոլարի վարկ վերցրեցին, խոշոր պարտք դրեցին պետության վրա՝ իբր նոր կլաստներ պիտի ստեղծեն ու մեծացնեն զբոսաշրջային հետաքրքրությունները։ Շուտով այդ գումարն էլ կծախսեն՝ զբոսաշրջությունը խթանելու, տուրիստական հոսքերն ավելացնելու անվան տակ, բայց վերջում էլի կառերեսվենք այն տխուր փաստի հետ, որը հիմա տեսնում ենք մի քանի տարվա հեռավորության մեջ։

Այն չնչին աճերը, որոնք երբեմն-երբեմն արձանագրվում են այս ոլորտում, բոլորովին էլ զարգացումների մասին չեն։ Դրանք ընդամենը գոյատևման մասին են։ Այսպիսի տեմպերով երբեք էլ հնարավոր չի լինի մեծ արդյունքների հասնել։ Անցած տարի, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե տուրիզմը Հայաստանում իր լավագույն ժամանակներն է ապրում, զբոսաշրջային հոսքերն ավելացան ընդամենը 2.5 տոկոսով։ Այնինչ՝ հարևան Վրաստանում աճի տեմպը 3.4 անգամ ավելի բարձր էր։ Վրաստան 5.5 միլիոնից ավելի զբոսաշրջիկ էր այցելել, իսկ Հայաստան՝ հազիվ 2 մլն 263 հազար, ավելի քիչ, քան 3 տարի առաջ, երբ տուրիստական հոսքերը գերազանցեցին 2 մլն 316 հազարը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930