Արցախի մեծ ներդրումը Հայրենական պատերազմում՝ արխիվային փաստերի և վիճակագրության լույսի ներքո
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Արցախը լինելով Խորհրդային Միության կազմում՝ որպես ինքնավար մարզ, ակտիվորեն մասնակցեց պատերազմին: Արցախի բնակչությունը զորակոչվեց ռազմաճակատ, մասնակցելով տարբեր ճակատամարտերի: Տնտեսական ու մարդկային ռեսուրսները կենտրոնացվեցին պատերազմի կարիքների համար: Այդ ամենը նպաստեց հաղթանակին: Արցախի բնակիչները նաև զգալի նյութական աջակցություն ցուցաբերեցին ռազմաճակատին՝ մատակարարելով սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ միջոցներ։ Պատերազմի տարիների մասին կան վիճակագրական թվեր, արխիվային փաստաթղթեր, որոնք փաստում են, թե ինչպիսի մեծ ներդրում ունեցավ Արցախը:

1985 թվականին տպագրվեց «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի հերթական համարը, որում ներկայացվեց պատերազմի տարիներին Արցախի ներդրումը: Հանդեսի հոդվածում մանրամասն նշվում են Արցախի շրջանները, քաղաքները, գյուղերը, թե որքան մարդ մեկնեց ռազմաճակատ յուրաքանչյուր գյուղից:
«Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թթ.) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից զորակոչվել և ռազմաճակատ է ուղարկվել 45 056 մարդ, որից 1850-ը՝ կին և աղջիկ: Հադրութի շրջանը, որը պատերազմից առաջ, 1941 թ. հունվարի 1-ի դրությամբ, ուներ 27 139 բնակիչ, ռազմաճակատ ճամփեց 8267 մարդ: Ճարտար գյուղից Մեծ հայրենականին՝ 1080, Ղզղալայից՝ 450, որից 8-ը՝ աղջիկ, Տումիից՝ 485, Մեծ Թաղլարից- 555, Մարտակերտ ավանից՝ 485, Թաղավարդից՝ 475, Նորշենից՝ 400, Հադրութ շրջկենտրոնից- 803, Տողից՝ 860, Ավետարանոցից (Չանաղչիից)՝ 298, Թալիշից՝ 544, Շոշ գյուղից՝ 700 (որից 8-ը՝ մեկ ընտանիքից), Մոխրաթաղից՝ 337, Հաղորտից- 397, Դահրավից- 350, Խնձրիստանից- 403, Վանքից՝ 318, Ցորից՝ 260, Հին Թաղլարից- 202 (որից 8-ը՝ աղջիկ), Առաջաձորից՝ 415, Քարին տակից՝ 200, Սխտորաշենից՝ 270, Աշանից՝ 240, Մուշկապատից- 267, Առաքյուլից- 204, Բանազուրից- 470, Ազոխից՝ 224, Սոս գյուղից՝ 360, Սարգսաշենից- 216, Քերթից՝ 228, Ղավախանից- 256, Կաղարծի գյուղից՝ 268, Խանաբադից- 250, Նախիջևանիկից- 244, Բադարայից- 400, Նորագյուղից- 210, Դաշբուլաղից- 350, Սզնեք գյուղից՝ 340, Կուսապատից- 250, Մաղավուզից- 284, Գյուլաթաղից- 140, Ծակուռիից 4103, Դոլանլարից- 200, Խծաբերդից՝ 162, Ծամձորից- 258, Կոլխոզաշենից- 250, Հացի գյուղից՝ 120, Թաղոտից՝ 130, Ջրակուսից՝ 145, Մյուլքուդարայից- 142, Չափարից՝ 159, Խերխանից՝ գյուղից՝ 154, Շեխերից՝ 170, Հարավ գյուղից՝ 172, Քռասնից՝ 162, Ղշլաղից՝ 203, Փրջամալից-152, Կարմիր գյուղից՝ 201, Մեծ շենից- 213, Հաթերքից՝ 138, Խանածախից- 136, Հիլիսից՝ 62, Ներքին Հոռաթաղից- 450 (որից 7-ը՝ մեկ ընտանիքից), Դրմբոնից- 153 (որից 9-ը՝ մեկ ընտանիքից) և այլն»: («Բանբեր Հայաստանի արխիվների», 1985, N 1):


Վիճակագրական այս տվյալների հետ մեկտեղ, ներկայացվում է նաև, թե պատերազմի մեկնած արցախցիներն անհատական ինչ սխրանքներ գործեցին և ինչ պարգևներ ստացան Խորհրդային Միության կողմից:
«Ավելի քան 15 հազար ղարաբաղցիներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով 21 հոգի արժանացել են Սովետական Միության հերոսի բարձր կոչման, 6-ը՝ դարձել Փառքի երեք աստիճանի ասպետներ, 23-ը՝ գեներալներ: Նրանցից Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակովը)՝ ավիացիայի մարշալ, իսկ Լեռնային Ղարաբաղից սերված երկաթուղային տեխնիկ Ստեփան Եգորի Իսահակյանի զավակը՝ Հովհաննես Իսակովը՝ Սովետական Միության ծովակալ: Ղարաբաղն (Նախիջևանիկ գյուղը) ունի նաև փոխ-ծովակալ: Խոսքը նշանավոր Փիրումյան զորավարների տոհմից սերված փոխ-ծովակալ Հովհաննես Փիրումյանի մասին է: Սովետական Միության կրկնակի հերոսի կոչմանն արժանացավ ծննդով Շուշեցի, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը: Նա մասնակցել է Սևաստոպոլի, Օդեսայի, Նովորոսիյսկի, Լենինգրադի ու Մերձբալթյան շրջանի մարտերին»: (Նույն տեղում):

Հոդվածի հենց սկզբում ներկայացված վիճակագրական տվյալներից պարզ դարձավ, որ պատերազմին մեկնել և մասնակցել է մոտ 2000 արցախցի կին և աղջիկ: Նրանց սխրագործություններին անդրադարձել է նաև ժամանակի խորհրդային մամուլը:
«Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից շատերի հետ ռազմաճակատ մեկնեց Ելենա Մարտիրոսյանը: Նա մասնակցել է Հյուսիսային Կովկասի, ապա Ղրիմի, Ուկրաինայի շատ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը և արժանացել հայրենիքի մարտական պարգևներին: Նրա հասակակիցն է Շուշիկ Ստեփանյանը (Թաղավարդ), որն Օդեսայի, Սևաստոպոլի հերոս պաշտպաններից էր և բուժգումարտակի պետը: Անհավասար մարտերից մեկում նա շատերի հետ գերվում է և ուղարկվում գերմանական Նեյրոպի քաղաքը: Անտանելի ծանր աշխատանքի հետ միասին Շուշիկը միաժամանակ կատարում է կոնսպիրատիվ աշխատանք»: (Նույն տեղում):
Ներկայացված փաստերը և վիճակագրական տվյալները վկայում են, որ Արցախը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին իր կարևոր ներդրումն ունեցավ մեծ հաղթանակի գործում: Պատերազմին մասնակցած հազարավոր արցախցիների սխրանքներն ու անձնազոհությունը դարձան ընդհանուր հաղթանակի կարևոր գործոններից մեկը: Հատկանշական է նաև կանանց ակտիվ ներգրավվածությունը, որը վկայում է համաժողովրդական գենետիկ պայքարի մասին։ Այս ամենը հաստատում է, որ Արցախի ներդրումը պատերազմում եղել է նշանակալի և պատմական կարևոր փաստ:
Զ. Շուշեցի



