Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերվել «նոր էջից». Կալաձե
Մայրաքաղաքի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ ինքը դրական սպասելիքներ ունի ԱՄՆ պատվիրակության սպասվող այցի հետ կապված։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է երկու երկրների միջև հարաբերությունները սկսել «նոր էջից», սակայն դա անպայման պետք է լինի երկկողմանի։
«Ունեմ լավատեսական սպասելիքներ, ինչը հիմնավորվում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցով, հնչեցված ուղերձներով և այլն։ Հետևաբար, սպասենք։ Մենք պատրաստ ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սկսվեն նոր էջից։ Մեզ համար կարևոր են բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը և, որ ամենակարևորն է, այդ ամենը պետք է լինի երկկողմանի», — հայտարարել է Կախա Կալաձեն։
Նշենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլիի փոխանցմամբ՝ ապրիլին ԱՄՆ-ից Վրաստան կժամանի մի խումբ, որը կուսումնասիրի երկրում ընթացող գործընթացները։ Մախաշվիլիի խոսքով՝ ամերիկյան կողմի հետ յուրաքանչյուր հանդիպմամբ Վրաստանի իշխանությունները փորձում են վերականգնել հարաբերությունները։



