Իրանում և տարածաշրջանում պատերազմի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը

Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմում զոհերի թիվը գերազանցել է 5000-ը՝ ըստ տարբեր գործակալությունների կողմից հավաքագրված տեղեկությունների, որոնք հրապարակել է Reuters գործակալությունը։

Իրան – 3519 զոհ

ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան խումբը հայտնում է, որ զոհերից 1598-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ առնվազն 244 երեխա։

Կարմիր խաչը և Կարմիր մահիկը մարտի 27-ին հայտարարել են, որ Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մինչ օրս զոհվել է առնվազն 1900 մարդ, իսկ 20000-ը՝ վիրավորվել են։ Սակայն պարզ չէ, թե արդյոք այդ թվերը ներառում են առնվազն 104 մարդու, որոնք զոհվել են մարտի 4-ին Շրի Լանկայի մոտ իրանական ռազմանավի վրա ԱՄՆ-ի հարձակման ժամանակ։

Լիբանան – 1318 զոհ

Լիբանանի պաշտոնյաների խոսքով՝ զոհերից 124-ը երեխաներ են։ Իսրայելը մարտի 2-ից հարվածներ է հասցրել Լիբանանին, այդ ժամանակվանից ի վեր «Հեզբոլլահ»-ի ավելի քան 400 մարտիկ է սպանվել։

Հայտնի է նաև, որ առնվազն ինը լիբանանցի զինվոր է սպանվել, իսկ Ինդոնեզիայից ժամանած ՄԱԿ-ի երեք խաղաղապահներ զոհվել են առանձին միջադեպերի ժամանակ։

Իրաք – առնվազն 107 զոհ

Իրաքի առողջապահական մարմինները հայտնում են, որ այդ թիվը ներառում է քաղաքացիական անձանց, Իրանի հետ կապված շիաների ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի անդամներին, ԱՄՆ-ի դաշնակից քրդական փեշմերգայի մարտիկներին, ոստիկանության և բանակի ներկայացուցիչների։ Նաև հայտնի է դեպք ահաբեկչության դեմ պայքարի դասընթացներ անցկացնող ֆրանսիացի զինվորի՝ անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ զոհվելու վերաբերյալ։

Իսրայել – 19 զոհ

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ Իրանից և Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների հետևանքով զոհվել է 19 մարդ։ Իսրայելական բանակը նաև հայտնում է, որ իր զինվորներից 10-ը սպանվել է Լիբանանի հարավում։

Միացյալ Նահանգներ – 13 զոհ

Իրաքում ԱՄՆ ռազմական վառելիքով լիցքավորող ինքնաթիռի վթարից հետո հաստատվել է վեց զինծառայողի մահը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրանում գործողությունների ժամանակ զոհվել է ևս յոթ մարդ։

Մահվան դեպքեր տարածաշրջանում

Մահվան դեպքեր են գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում (11), Կատարում (7), Քուվեյթում (7), Արևմտյան ափին (4), Սիրիայում (4), Բահրեյնում (2), Օմանում (2) և Սաուդյան Արաբիայում (2):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930