Վրաստանում օտարերկրացիների զբոսաշրջային ծախսերի նվազում է նկատվել

Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Վրաստանի զբոսաշրջության ոլորտում նկատվել են որոշակի փոփոխություններ, ինչն արտացոլվել է տարբեր ցուցանիշների դինամիկայում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«TBC Capital»-ի մակրոտնտեսական ուսումնասիրության համաձայն՝ զբոսաշրջային ակտիվության գնահատումը կատարվում է մի քանի տվյալների հիման վրա, այդ թվում՝ ավիահաղորդակցության, անկանխիկ ծախսերի և առցանց որոնումների միտումների։

Մարտ ամսվա ընթացքում օտարերկրյա քարտերով իրականացված ծախսերը, որոնք համարվում են զբոսաշրջությունից ստացվող եկամուտների կարևոր ցուցանիշներից մեկը, անկում են արձանագրել։ Նվազում է գրանցվել ինչպես հյուրանոցների և ավիատոմսերի ոլորտներում, այնպես էլ այլ զբոսաշրջային ծառայություններում, ինչը մատնանշում է ոչ ռեզիդենտ այցելուների ակտիվության դանդաղումը։

«Ընդհանուր անկանխիկ ծախսերը մարտի կեսերին նվազել են, հատկապես ոչ ռեզիդենտների մասով։ Տեղական քարտերով ծախսերը, որոնք ամսվա սկզբին զգալիորեն աճել էին, մարտի 19-ի դրությամբ, նախորդ ամսվա համեմատ, սեզոնային ճշգրտված կտրվածքով գրեթե անփոփոխ են։ Ինչ վերաբերում է օտարերկրյա քարտերով ծախսերին, որոնք օգտագործվում են զբոսաշրջությունից ստացվող եկամուտների կանխատեսման համար, նախորդ ամսվա համեմատ նվազումն արդեն ակնհայտորեն ի հայտ է եկել ինչպես հյուրանոցների և ավիաուղիների, այնպես էլ ավելի լայն կատեգորիաների մասով»,- ասված է ուսումնասիրության մեջ։

«TBC Capital»-ը նշել է նաև, որ զբոսաշրջային հոսքերի դինամիկան մասնակիորեն արտացոլվում է Վրաստանի օդանավակայանների ծանրաբեռնվածության վրա։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թռիչքների քանակը վերջին շրջանում աճի միտում է ցույց տալիս, թեև դեռևս զիջում է նախապատերազմյան ցուցանիշներին։

Հակառակ պատկերն է Բաթումիի միջազգային օդանավակայանում, որտեղ թռիչքների քանակը թե՛ նախորդ տարվա, թե՛ 2024 թվականի ցուցանիշների համեմատ նվազել է։ Հատկանշական է, որ Բաթումիի ուղղությունը հատկապես կախված է Մերձավոր Արևելքից եկող պահանջարկից, ինչը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում լրացուցիչ ռիսկեր է պարունակում։

Քութաիսիի միջազգային օդանավակայանում թռիչքների քանակը զգալի փոփոխություն չի կրել, սակայն ծանրաբեռնվածությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է, ինչը մասնակիորեն կապված է ավիաընկերության գործառնական փոփոխությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031