Ռազմական բարեփոխումների հանձնաժողով, խելամիտ սահմաններ. Թաթոյանը ներկայացրեց անվտանգային 6 քայլերը
Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրեց իրենց նախընտրական անվտանգային ծրագիրը, որը բաղկացած է 6 կետից կամ քայլից, այն է՝
Քայլ 1․ ՀՀ վարչապետին առընթեր Ռազմական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծում
Հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում կմշակի համապարփակ ռազմավարական ծրագիր, որի իրականացումը կսկսվի անմիջապես։ Հանձնաժողովը կունենա ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկողության գործառույթ։
Քայլ 2․ Հստակ ժամկետներ և հաշվետվողականություն
Հանձնաժողովի խնդիրը կլինի ցույց տալ՝
– ինչպես ունենալ զսպման լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին,
– ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։
Ավելին, թե ինչպես բարեփոխել և արդիականացնել մեր բանակի բոլոր ոլորտները՝ հրամանատարական և կառավարման համակարգից մինչև ուսուցում և մեր ենթասպայական կազմի (NCO-ների՝ ոչ սպայական կազմի, որոնք իրականում վարում են մարտերը պատերազմի ժամանակ) հզորացում:
Քայլ 3․ Պետական ներդրումներ անվտանգության համակարգում
Մինչև հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը օրենքի մակարդակով կամրագրվի, որ պաշտպանության ծախսերը չեն կարող ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր լինել։
Սա նշանակում է՝ մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող պետական բյուջեով ռազմական ծախսերն առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլարով ավելի կլինեն՝ համեմատ այսօրվա ծախսերի հետ։
Պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ ԱՄՆ դոլար պարտադիր կուղղվի հայաստանյան ընկերություններից գնումների համար՝ արագացնելու համար մեր ներքին ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը և այլն:
Քայլ 4․ Համապարփակ անվտանգություն
Անվտանգությունն ընդհանուր պատասխանատվություն է, որը կրում են Կառավարությունը, բանակը, մասնավոր հատվածը (դեղորայք, վառելիք և այլն), ՀԿ-ները, քաղաքացիները՝ յուրաքանչյուրն իր դերին համապատասխան։ Երկիրը մշտապես պատրաստ է պաշտպանության և դա հաջողելու է, որովհետև բոլորը՝ պետությունը, հասարակությունը և տնտեսությունը, գործում են՝ որպես մեկ համադրված համակարգ։ Ենթակառուցվածքներն (օրինակ՝ էներգետիկա) անմիջապես սկսում են ծառայել երկրի պաշտպանությանը։
Ճգնաժամային իրավիճակում հանուն երկրի պաշտպանության սկսում է աշխատել ամբողջ երկիրը, այդ վիճակի համար պետք է անհրաժեշտ լինի ընդամենը 72 ժամ և մինչև 600.000 հազար մարդ։
Քայլ 5․ Ճշմարտություն և պատասխանատվություն
Հանրայնացվելու է 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, և որ ամենակարևորն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը, որը գործող իշխանությունը հրաժարվում է հրապարակել, ինչից կարելի է միայն եզրակացնել, որ փորձ է արվում թաքցնել սեփական ձախողումները։Հասարակությունն ունի այս հարցերի պատասխանները ստանալու իրավունք և դա կապահովվի։
Քայլ 6. Խելամիտ սահմաններ և թվային պաշտպանություն, ժամանակակից բանակ
Պաշտպանական և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտությունների և նորարական տեխնոլոգիաների ներդրման համար ֆինանսավորման կրկնապատկում կապահովվի: Սա ենթադրում է նաևմոբիլ զինված ուժերը՝ հագեցածժամանակակից տեխնոլոգիաներով և որոշումների ակնթարթային կայացման կարողություն ունեցող անձնակազմերով, ինչպես նաև՝կենտրոնացված մոնիտորինգի համակարգ և սենսորային տեսախցիկներ,նավիգացիոն և վտանգի վաղ որոշման համակարգեր, կենսաչափական և խելամիտ նույնականացման համակարգեր, արհեստական բանականությամբ աշխատող սարքավորումներ («ավտոմատ հայտնաբերում → իրական ժամանակում ազդանշան → արագ ռազմական արձագանք» եռաշերտ բանաձևով):
Մանրամասները՝ տեսանյութում



