Ալիևի «վեցնոցը» խուճապի մեջ է. փակ հարցման տվյալներն է տեսել. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը «նոր սեպտեմբերյան պատերազմի» և Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին իր այս վերջին օրերի հայտարարություններով «բացահայտում է իր իշխանության վերարտադրման դիվային մոտիվը»։ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «խուճապի մեջ է», քանի որ իրեն ներկայացրել են սոցիոլոգիական փակ հարցումների տվյալներ, որոնց համաձայն՝ իր կուսակցության ջախջախումն առաջիկա ընտրություններում գրեթե կանխորոշված է։

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող բերել գեթ մեկ փաստ, որը կվկայի այն մասին, որ իր նշած երեք ուժերից որևէ մեկի՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի», Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի կամ Գագիկ Ծառուկյանի շուրջ կոնսոլիդացվող «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ծրագրերը, կարգախոսները կամ հայտարարությունները պատերազմի վերսկսման ռիսկ են իրենց մեջ պարունակում։

Կարդացեք նաև

«Ընդհակառակը, այս ուժերն այնքան իրատեսական են, որ նույնիսկ արցախցիների վերադարձի դրույթն իրենց ծրագրերում չեն ներառել՝ այս իրավիճակում դա համարելով անիրական, մարդկանց զգացմունքներն ավելորդ շահագործելու դրսևորում։

Երկրորդ, ես մեր ուժի անունից կարող եմ ասել՝ «Դեմոկրատական այլընտրանք», «Բարգավաճ Հայաստան», «Առաջարկ Հայաստանին», որ մենք երբեք չենք ասել, թե իշխանության գալու պարագայում հրաժարվելու ենք երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այո, թե՛ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, և թե՛ հատկապես ԹՐԻՓՓ նախագծում կան բազմաթիվ կետեր, որոնք մեր սրտով չեն և քննադատվել են մեր կողմից, բայց մենք խոսել ենք ոչ թե այդ փաստաթղթերը չեղարկելու, հետևաբար՝ աշխարհաքաղաքական կենտրոնների դեմ սուր ճոճելու, այլ դրանց հնարավորություններն օգտագործելով՝ դրանք լավարկելու մասին»,- պարզաբանեց Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետը նկատում է՝ էլ ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ «խաղաղությունն անշրջելի է», եթե այն կարող է վտանգվել ընդամենը մեկ իրադարձության պատճառով։

«Եթե այդ խաղաղությունը կարող է վտանգվել ընդամենը մեկ ընտրության՝ ներքաղաքական ընդամենը մեկ միջոցառման պատճառով, ուրեմն Նիկոլ Փաշինյանի ամբողջ քարոզչությունը փուչիկի պես տրաքում է, նշանակում է՝ ոչ մի անշրջելի խաղաղություն էլ չկա։ Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, «պատերազմի կուսակցության» մասին խոսելով, նկարագրում է, տալիս է նախապատերազմյան Նիկոլ Փաշինյանի ճշգրիտ էպիկրիզը»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Փաշինյանը թիրախավորում է վերոնշյալ երեք ընդդիմադիր ուժերին երեք պատճառով. «Փորձում է արհեստականորեն բոլորին մի զամբյուղի մեջ դնել՝ պետական մարմինների համար բռնաճնշումների կանաչ լույս վառելու նպատակով, բայց այդ դեպքում պետք է հաշվի՝ կարո՞ղ է արդյոք դա մարսել, թե՞ ոչ, երկրորդ՝ մոլդովական սցենարի կիրառման մասին է խոսում, և երրորդ՝ խուճապի մեջ է, այսինքն՝ իրեն ներկայացրել են սոցիոլոգիական փակ հարցումներ, որոնց մի մասին նաև ես եմ տիրապետում, և նա հասկացել է, որ առաջիկա ընտրություններում իր ջախջախումը գրեթե կանխորոշված է»։

Քաղաքագետն առավել ուշագրավ է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ՔՊ-ի «սահմանադրական մեծամասնություն» ստանալու անհրաժեշտության շեշտադրումը։

«Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բացահայտում է իր իշխանության վերարտադրության դիվային մոտիվը, այսինքն՝ նա ուղիղ տեքստով ակնարկում է, որ վայելում է Ալիևի հովանավորությունն իշխանության վերարտադրության հարցում մեկ պայմանով՝ եթե պարտավորվի Բաքվի պահանջների հանգույն անպայման փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Միայն այս պարագայում է խորհրդարանում 2/3 անհրաժեշտ։

Ահավասիկ, ինչպես Տավուշում էր 2024 թվի ապրիլին Ոսկեպարի դպրոցում ասում, որ, «եթե Ադրբեջանի էս պահանջները չկատարենք, շաբաթվա վերջ տեղի է ունենալու պատերազմ», փաստորեն, բան չի փոխվել օգոստոսի 8-ից, ԹՐԻՓՓ-ից հետո։ Հիմա էլ ասում է. «Ես վերարտադրվում եմ, որպեսզի Ալիևի պահանջով փոխեմ Հայաստանի Սահմանադրությունը», այսինքն՝ «Հայաստանի Հանրապետությունը վերածեմ ադրբեջանական ենթապետության. եթե դա չանենք՝ լինելու է պատերազմ»։ Բան չի փոխվել։ Տեսնո՞ւմ եք, որ սուտ ու դատարկ են ՔՊ-ականների հավաստիացումները»,- հայտարարեց Սուրենյանցը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Փաշինյանի բանակցածի չոր հաշիվն այն է, որ՝ «կա՛մ ինքը պիտի շարունակի մնալ Իլհամ Ալիևի իդեալական վասալը, կա՛մ երկրին սպառնում է պատերազմ»։

Սուրենյանցն ընդգծում է՝ կռիվը ոչ թե «խաղաղություն, թե պատերազմ» կեղծ երկընտրանքի միջև է, այլ խաղաղության տարբեր մոդելների։

«Սա Նիկոլ Փաշինյանի շանտաժն է։ Իհարկե, Ալիևին ձեռնտու է այնպիսի իշխանություն, ինչպիսին այսօրվա իշխանությունն է, որ բերանը չբացած՝ կատարեն իր բոլոր պահանջները, ի վերջո՝ ՀՀ տարածքում ստեղծվի հայ-ադրբեջանական ինչ-որ համատեղ պետություն, որը միայն ֆորմալիստական առումով է լինելու հայկական, իսկ իրականում մենք կորցնելու ենք պետականության քաղաքակրթական հիմքը։ Բայց ես խորապես վստահ եմ, որ լրջմիտ, պետական շահերով առաջնորդվող իշխանության առկայության պարագայում մենք մի շարք ռիսկեր կարող ենք կառավարել և առնվազն երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Այո, չի կարող այնպես պատահել, որ որևէ նոր իշխանություն ամբողջովին չեզոքացնի Քառասունչորսօրյա պատերազմի հետևանքները և բանակցի հաղթողի դիրքերից, բայց մյուս կողմից՝ որևէ նոր իշխանություն կարող է կասեցնել շարունակական, անվերջ թվացող կապիտուլյացիայի ընթացքը։ Ինչ-որ տեղ պիտի կանգ առնի անվերջանալի թվացող կապիտուլյացիայի ընթացքը։ Սա է, որ Նիկոլ Փաշինյանին տարբերում է մյուս քաղաքական ուժերից»,- հավելում է Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետը հիշեցնում է կկվի հայտնի պատմությունը Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթում՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իր այս քաղաքականության հետևանքով արդեն մի քանի պատերազմ է բերել Հայաստանի գլխին.

«Ուզում է՝ թող վիրավորվի։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ նա Հայաստանի իշխանության ղեկավար չի, նա Ալիևի վեցնոցն ա կամ իդեալական վասալը։ Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում՝ թող բացատրի, թե ինչու է անպայման «պատերազմ-խաղաղություն» երկընտրանքը կապում ՔՊ-ի սահմանադրական մեծամասնության թեզի հետ»։

Զրույցի վերջում դիմելով ընտրողներին՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարը հայտարարեց. «Եթե ուզում եք պատերազմ և Հայաստանի Հանրապետության կորուստ, ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Պատերազմն ու Նիկոլ Փաշինյանը հոմանիշ են։ Ես ընտրողներին կոչ եմ անում ընտրել Հայաստանի Հանրապետությունն ու երաշխավորված խաղաղությունը, դրա համար քվեաթերթիկում իրենք կարող են ընտրել ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկին՝ ըստ իրենց նախընտրության»։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս՝ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ զրույցում հայտարարել էր. «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, սահմանադրական մեծամասնություն չստանա»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031