ԵՂԱՎ ՄԻ ՇՐՋԱՆ՝ ՈւԶՈւՄ ԷԻՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ… ՄԵՐ ԵՍ-ԻՑ ԱՌԱՎԵԼ ԳՆԱՀԱՏԵՑԻՆՔ ՄԵՆՔ-Ը. ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասան Սարգիս Գրիգորյանը:

Խոսելով մանկության տարիների մասին՝ Սարգիսը նշում է.
«էդքան չեմ սիրում էդ ժամանակահատվածին անդրադառնալ, որովհետև էդքան էլ լուսավոր չի եղել։ Նախ, տարիներն էին, Գորբաչովյան տարիներն էին, որոնք ոչ միայն իմ, այլև շատերի համար ասոցացվում են մութ ու ցուրտ ժամանակահատվածի հետ։ Գումարած դրան՝ ծնողներս տարիքով մեծ էին, կար անհասկացողություն տանը տարբեր հարցերի վերաբերյալ, դժվար կյանքը… հայրս բառիս բուն իմաստով կոմունիստ էր, մենք էլ փողոցներում էինք մեծանում, նավթ, բենզին, չգիտեմ՝ ալյումին հավաքելով։ Դրանք եմ հիշում, հատուկ բան չկա, որ ասեմ՝ տենց ինչ-որ պայծառ բան կա հիշելու։ Այդ տարիների երեխայի էդ դժվարություններն էին, ով փողոցում ալյումին էր հավաքում, որպեսզի օգտակար լինի իր ընտանիքին»։
Անդրադառնալով առաջին ամուսնությանն ու ամուսնալուծությանը՝ դերասանը նշում է.
«Եթե շատ անկեղծ լինեմ, չեմ ուզում նեղացնել այն ժամանակվա իմ երկրորդ կեսին, որովհետև կան բաներ, որ մենակ ինձ չեն վերաբերում, դրա համար էլ ես ինձ իրավունք չեմ վերապահում որպես տղամարդ՝ դրանց մասին բարձրաձայնել։ Բայց ընդհանուր առմամբ կասեմ, որ մի փոքր շտապեցինք ամուսնանալ, պիտի իրար ավելի լավ ճանաչեինք։
Շատ արագ ստացվեց մեր հանդիպումը, շատ կարճ տևեց մեր ընկերությունը, ու շատ արագ մենք ամուսնացանք։ Այսինքն՝ էդ շտապողականությունը կար մեր առաջին ամուսնության մեջ, որը, կարծում եմ՝ իր հետքը թողեց։ Իսկ մնացած մանրամասների մասին ես, որպես տղամարդ, ճիշտ չեմ համարում խոսել»:

Այդ ամենի արդյունքում ձևավորվել է նաև մեղադրանք ինքն իր նկատմամբ.
«Չգիտեմ՝ ինչի, բայց իմ մոտ ամենափոքրուց էլ միշտ ընտանիքի գաղափարը շատ կարևոր է եղել, չգիտեմ՝ դա իմ համար… որ դու ի՞նչ տղամարդ ես, որ չկարողացար… ու սարսափելի է, իմ աղջիկը 20 օրական էր, որ բաժանվեցինք, իմ համար սարսափելի էր, էս ի՞նչ է, ո՞վ ես դու, էդ հարցերն ինձ տանջում էին»:
Արդեն խոսելով նոր ընտանիքի ու կողակցի մասին՝ դերասանն ասում է.
«Մանոն իմ լավ ընկերն է եղել, էդ տխուր, կոտրված վիճակում մի օր հանդիպեցի օպերայում, ինքը, որ տեսավ, ասեց՝ տղա ջան, էս ի՞նչ է վիճակդ, ու սկսվեց մեր զանգերը, ու ինքն այդ ժամանակ ահռելի մեծ ներգործություն թողեց իմ վրա, կարելի է ասել, ինձ շատ մեծ հուսահատությունից հանեց:
Վստահաբար ասում եմ՝ ցանկացած ընտանիքից ոչնչով չենք տարբերվում։ Մենք սարսափելի վեճեր ենք ունեցել, ունենք, իրարից նեղանալ էլ ունենք, մեր ընտանիքում շատ հաճախ անհանդուրժողականության մթնոլորտ էլ կա։ Ամեն ինչ կա ու դրանում չի հարցը. հարցը նրա մեջ է, որ մենք որդեգրել ենք մի սկզբունք, որ ինչ վեճ էլ որ լինի, մենք պիտի նստենք ու խոսենք ու պիտի իրարից նեղացած չպառկենք քնելու։

Եղավ մի շրջան, որ ուզում էինք բաժանվեինք, սրա մասին ոչ մի տեղ չեմ պատմել, բայց և՛ Մանոն, և՛ ես այնքան խիզախ գտնվեցինք, որ մեր ես-ից առավել գնահատեցինք մենք-ը, ու հետո որոշում կայացրեցինք, որ մենք ցանկացած իրավիճակում պիտի մինչև հարցին լուծում չտալը՝ չպառենք քնելու։ Մենք պիտի փորձենք հասկանալ մեկս մյուսին, ու դա տվեց իր արդյունքը»:
Մանրամասները՝ տեսանյութում։



