«Տեղյակ չեմ, թե ինչ շենք են տեղափոխում, ինձ որևէ մեկն այդ հարցով չի դիմել». Մեղրիի համայնքապետ
Դեռևս 2024 թվականի սկզբին 168.am-ն անդրադարձել էր Մեղրիում մի շարք գերատեսչություններ փակելու վերաբերյալ ահազանգին։
Այդ ժամանակ տելեգրամյան տարբեր ալիքները գրում էին, որ՝ «Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից հանել ու Գորիս կամ Կապան են տեղափոխել մի շարք գերատեսչությունների մասնաճյուղեր, մասնավորապես՝ ՊԵԿ-ի և Կադաստրի մասնաճյուղերը, ընդ որում՝ կադաստրի մասնաճյուղը փակվել էր 2023 թվականի օգոստոսի 16-ին, հիվանդանոցը բարձիթողի վիճակում է, այնտեղ բժիշկներ չկան, և առհասարակ չի ջեռուցվում։ 2024 թվականի Փետրվարի 1-ին նախատեսվում է փակել Մեղրիի Առաջին ատյանի դատարանը, դիահերձարանը ևս փակվել է՝ զինվորական լվացքատան հետ միասին, նույնիսկ վարորդական իրավունք ստանալու համար մարդիկ կրկին գնում են Կապան կամ Գորիս»։
Մեղրիի բնակիչներին նաև անհանգստացրել էր այն հանգամանքը, որ Մեղրիից հանում ու Կապան են տեղափոխում դիահերձարանը, որի առնչությամբ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանն ասել էր, որ մարզպետարանի կողմից Առողջապահության նախարարությանն արված առաջարկը հաստատվել է, ըստ որի՝ պետական ֆինանսավորմամբ Մեղրիում կկառուցվի նոր դիահերձարան։
Դեռ այն ժամանակ Կադաստրի կոմիտեի խոսնակ Մարինե Սահակյանը Մեղրիում Կադաստրի կոմիտեի փակման վերաբերյալ 168.am–ին փոխանցել էր.
«Շատ վաղուց, երբ սկսեցինք թվայնացնել մեր էլեկտրոնային հարթակը, գրասենյակներում հաստիքները կրճատվեցին։ Գրասենյակներում քաղաքացիները միայն կարողանում են դիմում մուտքագրել, ունենք օպերատորներ, որոնց միջոցով նույնպես կարող են անել, օրինակ, «Հայփոստը» կա, բանկերը։ Կոնկրետ Մեղրիի պարագայում իմ քիչ ունեցած հաստիքներն իրականում օբյեկտիվ պատճառներով թափուր են։ Այնտեղ ունենք մեկ աշխատակից, որն ունի առողջական լուրջ խնդիր։ Կարծեմ այնտեղ երեք հոգի աշխատակից կար, գրասենյակը կա, և այն ժամանակավոր է փակվել, այս պահին ուղղակի հաստիքները համալրված չեն»։
Մեղրիի արդեն նախկին համայնքապետ Բագրատ Զաքարյանը բացասական էր գնահատել գերատեսչությունների մասնաճյուղերի փակումը՝ ասելով.
«Մեղրին Հայաստանի համար պակաս կարևոր քաղաք չէ, և քաղաքացիները չեն կարող, դիցուք, Կադաստրից որևէ թուղթ ստանալու համար Մեղրիից հասնել Կապան։ Ինչ վերաբերում է Մեղրիի հիվանդանոցին, քաղաքապետն ասել էր, որ հիվանդանոցը միշտ էլ ունեցել է կադրերի լուրջ խնդիր»։
Օրերս Մեղրիից կրկին ահազանգ ստացանք մի շարք գերատեսչություների փակման վերաբերյալ։
Փորձեցինք Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանից ճշտել՝ ի՞նչ գերատեսչություն է փակվելու Մեղրիում, արդյո՞ք այդ գերատեսչությունների տեղափոխումը բնակիչների շրջանում խնդիր չի առաջացնում։
«Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչ շենք են տեղափոխում, չեմ կարող ասել, չեմ լսել, ինձ որևէ մեկն այդ հարցով չի դիմել, այս հարցին չեմ կարող պատասխանել։
Ասում են՝ Դատախազության շենք են փակում, բայց մեզ մոտ նման շենք չկա, նման շենք վաղուց է եղել, բայց հիմա չկա, այն մարզային է, Մեղրիում չի։
Ինչ վերաբերում է դիահերձարանի շենքին, ապա Մեղրիում նորն ենք բացում, 2 ամսից դիահերձարանի նոր շենքն արդեն կհանձնեն»,- 168.am-ի հետ զրույցում հակիրճ նշեց Խաչատուր Անդրեասյանը։



