Զախարովան հաստատեց. ՀՀ իշխանությունները թույլ չեն տվել Ռուսաստանին մարդասիրական օգնություն տրամադրել արցախահայերին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց՝ պաշտոնական Երևանը հրաժարվել է Ռուսաստանին հնարավորություն տալ մարդասիրական աջակցություն տրամադրել արցախահայությանը։ Այսօր ընթացող բրիֆինգի ժամանակ Զախարովան ասաց, որ Հայաստանը հրաժարվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղիներին հատկացվող աջակցությունից, որը մեկնարկել էր 2025 թվականի հունիս–հուլիսին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի։
«Այս ընթացքում օգնություն է ցուցաբերվել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում ու գյուղերում գտնվող գրեթե 7 հազար ընտանիքի»,- մանրամասնեց նա:
Նրա խոսքով, Ռուսաստանը նշված տարածաշրջանի մարդկանց երբեք չի թողել առանց աջակցության և օգնության և երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում գտնվող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ:
Զախարովան հիշեցրեց, Մոսկվան առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան, թեև արդեն այն ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցությունից, հայտարարելով․ «Շնորհակալություն, բայց պետք չէ»։
«Հիմա էլ մերժում են ղարաբաղցիների համար նախատեսված աջակցության շարունակումը»,- ասաց նա։
Զախարովան մանրամասնեց, որ այս ընթացքում մատակարարվել է մոտ 140 տոննա բեռ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանք, մանկական հավաքածուներ։ Նա ընդգծեց, որ նման կարիքների բավարարումը թույլ էր տալիս, որ Հայաստանի իշխանությունները կենտրոնանան առավել հրատապ խնդիրների վրա՝ բնակարանային ապահովություն, զբաղվածություն և սոցիալական ինտեգրացիա։ Բացի այդ, նրա խոսքով, որոշ ապրանքներ գնվել են Հայաստանում, ինչը խթան է դարձել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար։
Զախարովան կարդաց Հայաստանից ստացված նամակը․ «ՀՀ իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում»։
Նա նշեց, որ ռուսական կողմը փորձել է պարզել, թե ինչ է դա նշանակում, բայց որևէ պարզաբանում չի եղել։
Նա ընդգծեց, որ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից հրաժարումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում այդ շրջանում։



