Ծառուկյանը կփակի Բաղդասարովի պարտքը, Բաղդասարովը՝ աշխատակիցներինը
«Արմավիա»-ի շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ այսօր հավաքվել էին «Միկա Լիմիթեդ» ընկերության գրասենյակի դիմաց: Նրանք արդեն իրենց նախկին գործատուից պահանջում էին վճարել իրենց ավելի քան կես տարվա չվճարված աշխատավարձերը:
Շուրջ երկու ժամ գրասենյակի մուտքի մոտ սպասող աշխատակիցների հետ ընկերության ներկայացուցիչները չեն հանդիպել, և աշխատակիցները որոշել են օրեր անց նույն պահանջով դարձյալ հավաքվել նույն տեղում:
Իսկ «Արմավիա»-ի գրասենյակից, պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, վերահաստատել են նախկինում արված այն հայտարարությունը, թե ոչ մի աշխատակից չվճարված չի մնա, հավելելով նաեւ, որ ընկերությունում ներկայում սպասում են իրենց պարտապաններից գումարների, որոնցով մարվելու է նաեւ աշխատավարձերի պարտքերը:
«Արմավիա»-ի գրասենյակից լրատվամիջոցին նաև հայտնել են, որ «առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում» սպասում են, որ իրենց ունեցած պարտքերը կմարի նաեւ «Ավիա-Սերվիս» ընկերությունը: Այս ընկերությունն, ի դեպ, զբաղվում է ավիաուղևորների համար սննդի պատրաստմամբ ու մատակարարմամբ եւ պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին:
«Արմավիա»-ում խոստացան, որ ստացվող այս գումարը եւս ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը: