Համաշխարհային էներգետիկ շուկաները բախվում են ուժգին ցնցումների. Հորմուզի նեղուցի փակման մասին լուրեր են տարածվում

Համաշխարհային էներգետիկ շուկաները բախվում են վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր ցնցումներից մեկին. ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածները Իրանին և Թեհրանի կողմից Պարսից ծոցի վրայով հրթիռային հարձակումները խաթարում են նավթի արտահանումը աշխարհի ամենակարևոր արտադրող տարածաշրջանից։ Խափանումների մասշտաբները, հավանաբար, կորոշվեն հակամարտության տևողությամբ, բայց առայժմ սպառնալիքն ու անորոշությունն արդեն իսկ բավական են, որպեսզի լրջորեն ազդեն տարածաշրջանից եկող հոսքերի վրա, դրանք կազմում են համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ը։

«Ռոյթերզ»-ը գրում է, եթե ​​խնդրին արագ լուծում չլինի, նավթի գները, հավանաբար, կտրուկ կբարձրանան երկուշաբթի առավոտյան առևտրային բորսաների բացման ժամանակ: Brent տեսակի նավթի գները վերջին շաբաթներին աճել են՝ հասնելով մոտ 70 դոլարի մեկ բարելի համար, ինչը ամենաբարձրն է 2025 թվականի օգոստոսից ի վեր, քանի որ ներդրողները պատրաստվում էին Մերձավոր Արևելքում ռազմական բախման:

Առայժմ Իրանի կողմից պատասխան հարվածներից նավթի և գազի ենթակառուցվածքներին հասցված վնասի հաստատված դեպք չկա։ Պայթյուններ են գրանցվել նավթ արտահանող երկու խոշոր երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթում։ Միևնույն ժամանակ, Քաթարը, որը հեղուկ բնական գազի երկրորդ խոշորագույն արտահանողն է աշխարհում, հայտարարել է, որ որսացել է երկրին ուղղված հրթիռները։

Պայթյուններ են լսվել նաև Բահրեյնում և Իրանի Խարգ կղզու մոտակայքում, որտեղով սովորաբար անցնում է երկրի նավթի արտահանման մոտ 90%-ը, չնայած նավագնացության տվյալները ցույց են տալիս, որ Թեհրանը վերջին օրերին այնտեղ պահվող նավթի մեծ մասը տեղափոխել է տանկերների վրա։ Կարևոր է, որ մինչ այս պահը Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների մասին հաղորդագրություններ չեն եղել։ Այն Իրանի և Օմանի միջև գտնվող նեղ ջրային ուղի է, որի միջոցով օրական մոտ 20 միլիոն բարել հում նավթ և վերամշակված արտադրանք է տեղափոխում։

Եվրամիության Aspides ռազմածովային առաքելության պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսից ստացել են հաղորդագրություն, որոնցում ասվում է՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով»։ Իրանը պաշտոնապես չի հաստատել նման որևէ հրաման։ Թեհրանը մշտապես սպառնացել է փակել նեղուցը՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող հարձակման, սակայն երբևէ չի իրագործել իր սպառնալիքները։

MarineTraffic կայքով երևում է, որ նավերի շարժ այս նեղուցով այսօր եղել է, սակայն հիմա երկու կողմերում նկատվում է կուտակում, իսկ դեպի նեղուց շարժվող նավերի արագությունը դանդաղում է։ Տեղեկությունը, այնուամենայնիվ, դժվար է հաստատել։ Որոշ նավթային խոշոր ընկերություններ և առևտրային տներ մի քանի օրով դադարեցրել են նեղուցով բեռնափոխադրումները:

Տեսանյութեր

Լրահոս