Իրանում կարող է բախումներ սկսվեն էթնիկ հողի վրա. ռեգիոնալիզացման վտանգն այս պահին ավելի ցածր եմ գնահատում. Ռուբեն Սաֆրաստյան
Վաղ առավոտյան Իսրայելը «կանխարգելիչ» հարձակում է սկսել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Թեհրանում արդեն մի քանի պայթյուն է հնչել, այդ թվում՝ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքն է հրթիռակոծվել։ Իսրայելի գործողություններին միացել է նաև Միացյալ Նահանգները։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ 2 վտանգ կա, նախ կարող է այս հակամարտության ռեգիոնալիզացում տեղի ունենա, քանի որ Իրանն արդեն ավիահարվածներ է հասցրել արաբական մի շարք երկրների, որտեղ տեղակայված են ամերիկյան ավիաբազաները, կան նույնիսկ զոհեր։ Երկրորդ վտանգն ավելի իրական է թվում։
«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների կողմից այս գործողությունները, այդ թվում՝ Իսրայելի կողմից, ոչ միայն ռազմական նպատակներ ունեն, այլև շատ հստակ է, որ ցանկանում են փոխել Իրանում քաղաքական ռեժիմը, այս մասին նաև Թրամփը խոսեց։ Սա նշանակում է, որ Իրանը կարող է հայտնվել շատ ծանր դրության մեջ, երբ երկրում սկսվել են տարբեր գործողություններ, մի կողմից՝ հակակառավարական, մյուս կողմից՝ կառավարության կողմնակիցների։ Կարող են լինել զինված բախում, շատ մեծ վտանգ է նաև այն, որ բախումներ սկսվեն էթնիկական հողի վրա, գիտենք, որ Իրանը բազմաէթնիկ երկիր է։ Իսրայելի վարչապետը մի քանի ժամ առաջ իր հայտարարությունում հատուկ կոչ արեց էթնիկ փոքրամասություններին զենք վերցնել և փողոց դուրս գալ՝ ռեժիմի դեմ պայքարելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ նրա, եթե Իրանի դեմ հարձակվողները կարողանան փոխել քաղաքական ռեժիմը, ապա դա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Ավելին՝ Իրանի դեմ այս գործողությունները կարող են դադարեցվել այն դեպքում միայն, եթե ամերիկացիները կարողանան հասնել իրենց նպատակներին։
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթանում էին ոչ թե բանակցություններ, այլ Միացյալ Նահանգների կողմից Իրանին ուղղված ուլտիմատում էին, որով ցանկանում էր, որպեսզի իր բոլոր պայմաններն Իրանն ընդունի, ինչը հավանական չեմ համարում։ Խոսքը վերաբերում է միջուկային զենքի, բալիստիկ հրթիռներին, նաև, որպեսզի Իրանը հրաժարվի իր «պրոքսի» ուժերից, նա՝ Իրանում տեղի ունենա քաղաքական ռեժիմի փոփոխություն։
Կարծում եմ՝ այս պայմաններն Իրանի համար անընդունելի են, դրա համար այս ամենը կշարունակվի»,- հավելեց թուրքագետը։
Ռուբեն Սարֆրաստանը հույս ունի, որ հնարավոր կլինի խուսափել տարածաշրջանային լուրջ պատերազմից, կարծում է՝ արաբական այն երկրները, որոնք Իրանի կողմից հարվածներ են ստացել, չեն ներգրավվի ռազմական լուրջ գործողությունների մեջ Իրանի դեմ։
«Իրանի այն ուժերը, մասնավորապես «Հեզբոլլահը», որը գտնվում է Իրանի հովանու ներքո, կկարողանան լուրջ հարվածներ հասցնել Իսրայելին։ Իրաքում էլ, իհարկե, Իրանի ազդեցության տակ գտնվող ուժեր կան, բայց ըստ իս, նրանց դեմ աշխատանք տարվել է, թուլացվել են նրանց հնարավորությունները։ Այնպես որ, ռեգիոնալիզացման վտանգն այս պահին ավելի ցածր եմ գնահատում»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը՝ հունիսին, Իսրայելը կրկին հարձակում էր իրականացրել Իրանի դեմ։ Ռազմական գործողությունները տևեցին 12 օր:



