Բաժիններ՝

Ուժեղ տղամարդկանց թուլությունը

Ի՞նչ են պահանջում ազատամարտիկներն իշխանություններից: Նույնը, ինչ պահանջում է սոցիալական խոցելի խմբերից յուրաքանչյուրի անդամ` կոմունալ ծառայություններից օգտվելու զեղչեր, արտոնություններ առողջապահության ոլորտում, արժանապատիվ թոշակ:
Հայաստանում ազատամարտիկների թիվը 20.000-ից ավելի է: Նրանց բոլորի հանդեպ պարտավորվածություն իշխանությունները դեմ չէին լինի զգալ, սակայն զբաղվածությունը թույլ չի տալիս: Ազատամարտիկների խնդրին հիմնավոր անդրադառնալու անհրաժեշտություն չի էլ եղել. զինադադարից այսկողմ որևէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ նրանք ասոցիացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի հետ: Իսկ Արցախյան պատերազմում կռված այս մարդկանց ձայնը կարող էր շատ ազդեցիկ և անգամ որոշիչ լինել կեղծված յուրաքանչյուր ընտրությունից հետո, սակայն նրանք նախընտրել են համերաշխ լռությունը:
Այսօր արդեն Արցախյան պատերազմի զինվորները դուրս են եկել Ազատության հրապարակ և պահանջներ են ներկայացնում իշխանություններին:
Օրերս ազատամարտիկներից մի քանիսին հանդիպել էր կառավարության ղեկավարը: Պաշտոնական հաղորդագրությամբ` նրանց մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, «ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում»: Եվ հետո, ըստ նույն հաղորդագրության, լրագրողներն ինչ-որ բան այնպես չեն ներկայացնում` ազատամարտիկները ոչ թե բողոքում են, այլ հրավիրում են իշխանությունների ուշադրությունն Արցախյան ազատամարտին իրենց մասնակցությունն ունեցած անձանց ու նրանց ընտանիքների խնդիրների վրա: Իշխանություններից ազատամարտիկներն ակնկալում են նաև օրենսդրական փոփոխություններ, տոնացույցում` Ազատամարտիկի օր: Եվ վատ չէր լինի, եթե հիմնվեր ազատամարտիկներին նվիրված թանգարան: Լրացուցիչ մեկ ազատ օրը պիտի որ նաև իշխանությունների սրտով լինի:
Արդարության հանդեպ պահանջը հատկապես սրվում է, երբ մարդը հայտնվում է էքստրեմալ վիճակում, ուր կյանքի ու մահվան եզրագծին է: Կյանքն ամեն րոպե կորցնելու վտանգը ստիպում է վերագնահատել արժեքները. այն, ինչ կարևոր էր թվում, դառնում է անարժեք, այն, ինչ երկրորդական էր թվում, դառնում է առաջնահերթ: Նյութական արժեքները կորցնում են իրենց գինը` կյանքի հետ համեմատելիս:
Պատերազմից հետո` ապրելով ընկերների մահը, անելանելի իրավիճակներում պատահականորեն ողջ մնալուց հետո ազատամարտիկները վերադարձել են քաղաքացիական կյանք: Եվ ակնկալում են իրենց կրած բարոյական, ֆիզիկական զրկանքներին համարժեք փոխհատուցում: Պետությունը սահմանում է որոշ արտոնություններ: Սակայն դրանք սիմվոլիկ են և որոշ դեպքերում` ավելի շուտ նվաստացուցիչ:
Պատերազմն անցած հազարավոր այդ տղամարդիկ խաղաղ կյանքում իրենց ներկայությամբ պիտի որ իշխանությունների համար զսպող դեր ունենային: Նրանք պիտի հաղթանակը հավասար բաշխեին բոլորի միջև` որպես համընդհանուր ձեռքբերում:
Այդպես չեղավ:
Հաղթանակն անգամ ազատամարտիկներն իրար մեջ չկարողացան արդար բաժանել. դափնիները հասան մի քանի գեներալի: Մյուսները մնացին խաղից դուրս:
Ղարաբաղյան պատերազմի թեման տաբու է դրել մի շարք խնդիրների վրա: Դժվար է իրավունք վերապահել քեզ և ասել, որ ազատամարտիկների մեծ բանակը` 20.000 տղամարդը, սոցիալական կոնկրետ խնդիրներից, զեղչերից ու անհրաժեշտ արտոնություններից բացի` պիտի որ բարձրացներ ա՛յլ խնդիրներ: Այդ ուժեղ, պատերազմում հաղթած տղամարդկանց մեծ բանակը չպիտի թույլ տար իրենց կյանքի, երիտասարդության, ժամանակից շուտ ծերանալու գնով ձեռք բերված խաղաղությունն այնքան արժեզրկել: Չպիտի թույլ տար, որ խաղաղությունն այնքան չգնահատվեր, որ այդ խաղաղությունից իրենց հայրենակիցները զանգվածաբար փախչեին:
Ազատության հրապարակում ազատամարտիկների փոքրիկ մի խումբ նստացույց էր անում` պահանջելով ուշադրություն դարձնել իրենց ընտանիքների անդամների սոցիալական խնդիրներին: Տեղ կհասնե՞ն նրանց պահանջները: Տպավորիչ է բարձրացրած խնդիրների սրությունը, սակայն իշխանությունների վերաբերմունքը ազատամարտիկների նոսր շարքի հանդեպ արդեն ակնհայտ է. նյութական փոքրիկ սփոփանք. լրագրողներից մեկին ազատամարտիկները դժգոհել էին, թե նախորդ նստացույցից հետո իրենց ընդամենը 10.000դրամ պարգևավճար են տվել: Ազատամարտիկների հետ իր հարաբերությունը պետությունն այդպես էլ պատկերացնում է` 10.000 դրամ ավելի կամ պակաս:
«Ազատամարտիկ» եզրն իշխանություններին առանձնապես ոչինչ չի պարտավորեցնում, եթե այդ բառի կողքին չկա մեկ այլ կարևոր բառ` «զոհված»: Զոհված ազատամարտիկները խստապահանջ չեն. առիթից առիթ` ծաղկեպսակներ, հայրենասիրական կրակոտ ելույթներ` նրանց շիրիմներին: Ապա պաշտոնյաներն արագ նստում են իրենց սպասող ավտոմեքենաներն ու սլանում պետական ծառայության: Չինովնիկները համոզված են` պետական ծառայությունը ևս սխրանք է:
Այս ամենը հիշեցնում է հայտնի երկխոսությունը` «Նույն այն Մյունհաուզենը» ֆիլմից.
– Ժամը 8-10-ը` սխրանք: 
– Ինչպե՞ս դա հասկանալ: 
– Դա նշանակում է` որ առավոտյան 8-ից 10-ը նա (Մյունհաուզենը) ծրագրել է սխրանք կատարել: Դե, պարոն քաղաքագլուխ, ի՞նչ կասեք այն մարդու մասին, ով ամեն օր գնում է սխրանքի` ինչպես ծառայության:
– Ես ինքս էլ ծառայում եմ: Ամեն օր, առավոտյան, ժամը 9-ին ես պետք է գնամ քաղաքապետարան: Չեմ կարող ասել` դա սխրանք է, բայց դրանում ինչ-որ հերոսական բան, այնուամենայնիվ, կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս