«Փաշինյանը, ով եղել է միջակ լրագրող, այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է՝ գործ ունեն մի հրաշք անձնավորության հետ». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Մի կարևոր առանձնահատկություն, որին, թերևս, արժե անդրադառնալ․ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է իր խոսքում առանձնացնում, թե «մենք պետք է մեր պատմությունից դասեր քաղենք, որպեսզի սխալները չկրկնենք»։ Առաջին հայացքից թվում է՝ լրիվ օրինաչափ ու իրավացի պնդում է, ինչի հետ դժվար է չհամաձայնել։ Սակայն իրավիճակի պատկերը դառնում է հստակ, երբ տեսնում ենք, որ սա ասում է մի մարդ, ով պատմության մասին ոչ միայն գաղափար, այլ անգամ տարրական գիտելիքներ չունի։
Իր տեսակով լինելով դասական պոպուլիստ ու ամեն ինչից որոշակի պատկերացումներ ունենալով՝ Փաշինյանը եղել է միջակ լրագրող, ով փորձել է օրվա մամուլում մի քանի «էքսկլուզիվ» ու «օդում կախված տեղեկություններով» դրա նրա մասին նյութեր հրապարակել իր թերթում։ Նա այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է, թե գործ ունեն ուսյալ, կարդացած, գաղափարական մի հրաշք անձնավորության հետ, ով իր գիտելիքների ողջ շտեմարանն է ի նպաստ դնելու հայրենիքի շենացմանը։
Իրականությունն այն է, որ 50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում, ու դրա մասին հենց ինքն է հանրային կերպով հիմա բարձրաձայնում, երբ հայտարարում է, թե՝ «կարդացի «Հայոց պատմության» ակադեմիականի այսինչ հատորը», անկապ իմիտացիաներ ստեղծում, թե ինքն ամբողջ օրը պատմություն է ուսումնասիրում (մեքենայի մեջ, ինքնաթիռում, հյուրանոցում՝ իբր թե գիրք կարդալով)։
Այսինքն՝ մարդ, ով չգիտի «Հայոց պատմություն», բոլորին հորդորում է «պատմությունից դասեր քաղել», իսկ ամենավատն այն է, որ նա իր համար պրոտոտիպեր է ընտրում ամենաթույլ, չկայացած ու հակասական կերպարներին, որոնց քայլերի, որոշումների ու գործողությունների հետ կապված պատմության գիգանտները հակասական մոտեցումներ ու կարծիքներ են ներկայացնում։
Օրինակ՝ Նիկոլին ասեմ, որ բացի իր իմացած կասկածելի կերպարներից, Հայոց բազմադարյա պատմության շերտերում ավելի առանցքային կերպարներ ու գործիչներ կան, որոնց մասին նույն ակադեմիականում բավական ծավալուն գրված է։ Էդ կարդալու ընթացքում կհորդորեմ տվյալ հատվածներին ավելի ուշադրություն դարձնի ու, ասենք, օրինակ բերի, դասեր քաղի Արտաշես Առաջինի ռեֆորմներից, Լևոն Երկրորդի գերկարևոր արտաքին քաղաքականությունից, Աշոտ Ողորմած արքայի շինարարական ուղղվածությունից, Հովհան Օձնեցու խոհափիլիսոփայությունից՝ դե Վարդան ու Վահան Մամիկոնյանների, Թեոդորոս Ռշտունու, Զաքարե Զաքարյանի մասին էլ չխոսեմ։
Թե չէ անգիր արած մի քանի թերթ բան կարդալով՝ խոսում է դասեր քաղելուց, հլա մի հատ էլ դաս է տալիս մյուսներին՝ իրեն դնելով «հայկական Աթաթուրքի» տեղը։ Դրանը պոպուլիզմն ու մանիպուլյացիան է, դա ակադեմիական ու խորքային թեմաներում ուղղակի չկա»:




