V-BAT ԱԹՍ-ներ ՀՀ-ում չեն արտադրում, Shield AI-ի հետ տեխնոլոգիայի փոխանցման շուրջ երկխոսություն կա
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրած ասուլիսին հայտարարեց, որ առաջին անգամ ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա:
«Մինչև 2025 թվականը, օբյեկտիվորեն, հայկական տեղական ռազմարդյունաբերական ընկերությունները չէին էլ կարող թիրախավորել միջազգային շուկաները, որովհետև ինդուստրիան նոր է զարգանում, ընդամենը մի քանի տարվա կյանք ունի: Բացի այդ, մեզ համար առաջնահերթ էր սեփական բանակի, զինված ուժերի կարիքների բավարարումը՝ ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից եռամյա պայմանագրերի առաջին փուլի շրջանակում: Երբ ռազմարդյունաբերող առաջատար ընկերություններից մի քանիսը կարողացան իրենց արտադրական հզորությունները մեծացնել, կատարելով համապատասխան ներդրումներ հենց պետության կողմից ստացած պատվերների միջոցով, կարողացան մտածել նաև միջազգային շուկաներ դուրս գալու մասին: Իսկ 2023-2025 թվականներին շուրջ 172 միլիարդ դրամի պետական պատվեր է իջեցվել ռազմարդյունաբերական համալիրին»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով Shield AI ընկերության արտադրած V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերին, որը ՀՀ-ում ցուցադրվեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի ընթացքում, և որի հետ կապված տարբեր հայտարարություններ եղան, ԲՏԱ նախարարն ասաց, որ այդ տեսակի ԱԹՍ-ներ ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները չեն արտադրում:
«Եթե արտադրեին, բնականաբար, հարց չէր ծագի նմանատիպ տեխնոլոգիական լուծումներով որևէ արտադրանք գնել: «Shield AI» ընկերության կողմից արտադրվածն աշխարհում լավագույնների ցանկում է, և այժմ կարևոր մի նոր էջ է բացվում հենց Shield AI ընկերության հետ արդեն ոչ թե ՊՆ-ի, այլ հենց ԲՏԱ նախարարության համար՝ հնարավորության սահմանների շրջանակում գիտելիքների, տեխնոլոգիաների փոխանցման շուրջ երկխոսություն զարգացնելու, ինչպես նաև՝ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու կամ մշակումներ իրականացնելու առումով: Ահա սա արդեն տվյալ գործակցության շրջանակում նաև հավելյալ կարողություններ ՀՀ ներմուծելու մասին է արտադրության, հետազոտության համատեքստում»,- հայտնեց Մխիթար Հայրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



