«Խայտառակ վիճակ է մայթերին ու շենքերի բակերում, ուղղակի ասելու չէ. ավազանման ինչ-որ բան են շաղ տալիս, որն օգուտ չի տալիս». Իզաբելլա Աբգարյան
Մայրաքաղաքի գրեթե բոլոր հատվածներում մայթերը սառցակալած են՝ միայն հատուկենտ փողոցների մայթեր կարող ենք գտնել, որտեղ ավազ կամ աղ են ցանել, մնացած մայթերը քաղաքացիները հանգիստ կարող են օգտագործել՝ որպես սահադաշտ։
Երևանի տարբեր վարչական շրջաններից բնակիչները լուսանկարներ են տեղադրում համացանցում ու իրենց վրդովմունքն արտահայտում, թե մայթերը մնացել են միայն արևի հույսին, հետևաբար՝ ավելի շատ ապավինում են բնության «ողորմածությանը», քան իրենց հարկերի հաշվին աշխատավարձ ստացող մայրաքաղաքի իշխանություններին։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը մայրաքաղաքում իրավիճակը խայտառակ է որակում։
«Այս հարցով Քաղաքապետարանի մեկ վարչություն չէ զբաղվում, մայրաքաղաքի ձնամաքրումը բաժանված է հիմնականում 3 մասի։ Առաջինը՝ աղբահանության ու սանիտարական մաքրման հիմնարկն է, բոլորս էլ գիտենք, որ աղբահանության գները բարձրացրեցին, ուստի ծառայությունները պետք է բարելավեն։ Այս հիմնարկը հիմնականում փողոցներն է մաքրում, առանձնապես դժգոհություններ չկան, կարծես թե փողոցների անցանելիությունը խնդիր չի առաջացրել։
Հաջորդ մարմինը կանաչապատման ՀՈԱԿ-ն է, որը պետք է հիմա մայթերի, գենտանցումների աստիճանների այս սառույցի հարցերը լուծեր, չի արել և այստեղ ունենք խայտառակ վիճակ։ Ուղղակի ասելու չէ, մայթերի սառույցն արևից հալվում է, հետո գիշերը սառցակալում, որոշ հատվածներում բերում ինչ-որ ավազանման բան են շաղ տալիս, այս տարի կարմիր ավազ շատ քիչ մայթերի ենք նկատել։ Բայց այս ամենը օգուտ չի տալիս, պարզապես կոշիկների տակ է կպնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Մեր զրուցակիցը մայթերից զատ, մատնացույց արեց նաև շենքերի բակերը, որտեղ նույնպես խայտառակ վիճակ է, ավելի վատ՝ քան մայթերի վիճակն է։ Կա համատիրություն, բայց բակից դուրս տարածքը պատկանում է համայնքին, այսինքն՝ այստեղ էլ խնդրի լուծումը կրկին Երևանի քաղաքային իշխանությունների տիրույթում է։
«Այն բակերը, որտեղ համատիրությունը կազմակերպված է, քիչ թե շատ այս վիճակը շտկել են, բայց մեծամասամբ բակերում խայտառակ վիճակ է, այդ թվում՝ մեր բակում։
Որքանով տեղյակ եմ, համատիրությունները դիմել են քաղաքապետարան ու ստացել են աղ, ավազ, փաստորեն չեն օգտագործում։ Այստեղ ևս քաղաքապետարանի խնդիրն է, պետք է վերահսկի, որովհետև ինքն է ավազն ու աղը տվել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է յուրաքանչյուր երկուշաբթի տեղի ունեցող քաղաքապետարանի գործակարգավարական նիստերին, Իզաբելլա Աբգարայանն ասաց՝ նիստում Տիգրան Ավինյանի հայտարարած որևէ հրաման չի կատարվում, դա է ապացուցում վարչական շրջաններում եղած վիճակը։
«Ամեն ինչ գալիս է անհատական դաշտ, կան վարչական շրջաններ, որ զգում ես՝ ինչ-որ փոփոխություն եղավ, կա նաև վարչական շրջան, որտեղ որևէ քայլ չի արվում։ Այստեղ խնդիր ունենք նաև կադրերի հետ կապված։
Մայթերի խնդիրը շատ լուրջ է, մենք վերցրել ենք սառցակալած մայթերին ընկնելու և տրավմաներ ստանալու թիվը, մեծամասամբ տարեցներ են ընկել։ Իհարկե, քաղաքացին պարտավոր չէ իմանալ, թե որ մարմինը պետք է մաքրեր մայթը, որպեսզի հենց այնտեղ դիմի, գոնե լուսանկարներով անընդհատ ահազանգեն, որպեսզի պատկան մարմինները սկսեն աշխատել»,- ընդգծեց Իզաբելլա Աբգարյանը։
