Քաղաքը ղեկավարում է փայատիրական սկզբունքով… սրանք երևանցիներից «մուռ» են հանում, եթե չվռնդենք՝ ավելի վատ է լինելու. Մեսրոպ Մանուկյան
Եղանակային վատ պայմանները մայրաքաղաքում ավելի վատ իրավիճակ են ստեղծել քաղաքացիների տեղաշարժի համար։ Առատ ձյան հետևանքով շատ փողոցներում, մայթերի վրա սառույցի հաստ շերտ է՝ առանց ավազի որևէ հատիկի։ Քաղաքացիներն ամեն օր բախվում են խնդրի՝ ժամերով տրանսպորտի են սպասում, կամ պայքարում մայթերի սառույցի հետ՝ ոտքով տեղից տեղ շարժվելու համար։ Քաղաքացիները դժգոհում են, բողոքում, քննադատում քաղաքային իշխանություններին, որ 150 դրամ վճարում են, բայց այդպես էլ բարելավված տրանսպորտ չտեսան՝ կանգառներում ժամերով սպասում են, գոնե մայթերին սառույց չլիներ, ոտքով տեղաշարժվեին, բայց ոչինչ չի փոխվում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին բազմիցս է անդրադարձել, ժողովուրդը պարտավոր է իր իրավունքները պահել ու պաշտպանել։
«Տրանսպորտային այս ներդրված համակարգում այնքան կոռուպցիա կա, որ կորում է ոչ թե 10 կամ 20 մլն դրամ, այլ՝ 5-6 մլրդ դրամ։ Առաջինը հենց քաղաքացին է պարտավոր պաշտպանելու իր իրավունքները, ես իմ մասով օր ու գիշեր սրա վերաբերյալ ասել եմ։ Այս չարիքը կավարտվի այն ժամանակ, երբ ՔՊ-ի վրա մենք «գերեզմանաքար» կդնենք ու կուղարկենք զիբիլանոց։ Ես հույս ունեմ, որ այս ամենը կլինի 2026 թվականին, ու մենք կազատվենք այս չարիքից։
Այս իշխանությունը ժողովրդին չի սիրում, երևանցիներին չեն սիրում, չեն սիրում նաև Երևանը։ Սրանք երևանցիներից «մուռ» են հանում, որովհետև իրենց որպես քաղաքային իշխանություն՝ չի ընտրել։ Երևանում իրենք պարտվել են, գործ ունենք փոքրամասնությունների կոալիցիայի հետ, ովքեր մեկ խնդիր ունեն՝ գումարներն ուղիղ լցնեն իրենց գրպանները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ նրա, այսօր խոսվում է միայն հանրային տրանսպորտի ուշանալու մասին, բայց չի խոսվում այն մասին, որ Երևանում 600-ից ավելի կանգառ է բացակայում, կանգառ չկա, որտեղ մարդը կարող է կանգնել, որպեսզի գլխին ձյուն չգա։
«Երևան քաղաքի բյուջեն 400 մլն դոլար է, այս մարդիկ փոշիացնում են։ Իրենք և՛ թալանչի են, և՛ դիլետանտ, այսինքն՝ քաղաքը ղեկավարում է ոչ պրոֆեսիոնալ խմբակ՝ փայատիրական սկզբունքով։ Ի՞նչ պետք է անենք՝ այս տարի բոլորով անխտիր գնանք ընտրատեղամասեր ու սրանց վռնդենք, եթե չվռնդենք՝ ավելի վատ է լինելու»,- շեշտեց Մեսրոպ Մանուկյանը։
Շարունակելով՝ Երևանի ավագանու անդամն ասաց՝ այն, որ ձյունը չի մաքրվում կամ ուշ է մաքրվում, մայթերին չկա ավազ, դրա մեղավորը ԵԱՍՄ՝ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատակիցները չեն։
«Ամեն ինչի որոշումը կայացվում է Արգիշտի 1 հասցեում, այնտեղ են որոշում, որ աղ պետք է առնենք։ Ինչ-որ հիմար միտք են արտահայտում, որ 1000 տոննա առել են, բա եթե այդքան գնել եք ու քիչ է եղել, թող 2000 տոննա առնեիք։ Սա էլ է կասկածելի՝ 1000 տոննա աղ դուք առե՞լ եք, թե՞ ուղղակի թղթի վրա դուրս եք գրել։ Կամ էլ նստել, ասել են՝ Աստված ջան, արև դուրս գա, որ աղը դուրս գրեն ու փողն ուտեն։
Երբ տնտեսվարողի վրա մուննաթ են գալիս, թե իրենց դռան դեմը չենք մաքրում, կա օբյեկտիվ ճշմարտություն, բայց երբ տնտեսվարողը տեսնում է, որ մեկ մետր այն կողմ քաղաքային իշխանությունը թքած ունի այդ ամենի վրա, ապա ինքն էլ ինչ տեսնում, այն էլ սովորում է՝ կրկնակի անգամ թքած ունենալով։
Ասում է՝ չեմ հասկանում, մեր «վզին» դնում եք, այդքան հարկ ենք վճարում, դու քո «փայն» ինչո՞ւ չես անում»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։
