Ինչո՞ւ է Իրանից քիչ գազ ներկրվում Հայաստան
Հայաստանն Իրանից ներմուծում է մոտ 3 անգամ ավելի քիչ գազ, քան նախատեսված է պայմանագրով: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Եևանի ՋԷԿ-ը չի կատարում պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
«Դուք նայել եք պայմանագրի մի կողմը, միևնույն ժամանակ մենք պետք է էլեկտրաէներգիա արտադրենք, բայց այդքան հզորություն չունենք: Այն ժամանակ պայմանագիրը կնքելուց խոսք էր գնում վերակառուցելու ՋԷԿ-ը, մինչև 400 ՄգՎտ հզորությամբ էլեկտրահաղորդիչ գծերը կառուցելու մասին: Էլեկտրահաղորդիչ երրորդ գծի կառուցումն ընթացքում է, որից հետո մենք հնարավորություն կունենանք ծավալները մեծացնելու»,- հայտարարեց Ա.Մովսիսյանը:
Ըստ նախարարի՝ երրորդ գծի կառուցման ուշացումը պայմանավորված է իրանական կողմի բացթողումով, այլապես երկու տարի առաջ պետք է կառուցված լիներ: Ա.Մովսիսյանը նշեց, որ մոտ մեկ տարում այդ շինարարությունը կավարտվի, և ՀՀ-ն ի վիճակի կլինի նախատեսված ծավալով գազ բերել Իրանից:
Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ կարելի էր գազը ներկրել՝ ձևավորելով պաշար և էժան էլեկտրաէներգիա մատակարարել ՀՀ բնակչությանը, նախարարը հակադարձեց, թե նման բան հնարավոր չէ: