«Փաշինյանը մնացել է վարչական ռեսուրսի հույսին. այս մարդն ամեն կերպ ձգտում է եկեղեցու դեմ արշավը ցույց տալ՝ որպես համաժողովրդական շարժում, բայց չի ստացվում». Քաղտեխնոլոգ
Նիկոլ Փաշինյանը շարունակում է ակտիվ հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական իր արշավը՝ իրեն միացած «տիրադավ» անվանումը ստացած եպիսկոպոսների ու նրանց ղեկավարած թեմերի որոշ քահանաների հետ։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դիտարկելով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը, ասում է՝ նա փորձում է անընդհատ նույնը կրկնել՝ հույս ունենալով, որ հակաեկեղեցական ալիքը նոր թափ կհավաքի, սակայն նոր թափ չի հավաքում։
«Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձում էր եկեղեցու ներսից մարդ «հավաքագրել», ինչ տեսնում եք, սա է նրա հավաքած մարդկանց թիվը։
Այստեղ ամենամեծ խնդիրը, որը կա՝ Սահմանադրությունն է, որը թույլ չի տալիս նրան, որպեսզի խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Նա իրավունք չունի իր «հեղափոխությունն» իրականացնել եկեղեցու ներսում, այսինքն՝ Սահմանադրությունը նրա համար լուրջ խոչընդոտ է»,– 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ որոշակի տեխնոլոգիաների կիրառմամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է զուգահեռ հարված հասցնել եկեղեցու տնտեսական հիմքերին, մասնավորապես՝ հողը, որը սեփականության իրավունքով տրվում էր եկեղեցուն, հիմա այլևս չի տրվելու։
«Այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որպեսզի կարողանա կառավարել։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաքելական եկեղեցին տնտեսապես միայն Հայաստանից չի սնուցվում, այն մեծ համազգային կառույց է, որին կարող են բազմաթիվ անհատներ նվիրատվություններ անել, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասնել իր նպատակին։
Նա չի հաջողելու նաև այն պատճառով, որ իր սկսած շարժման համար պետք է տեղի ունենա համաժողովրդական շարժում, ինչը, ինչպես տեսնում եք՝ տեղի չի ունենում։ Այս ամենի լավագույն ապացույցը վերջերս Նիկոլ Փաշինյանի ասած ու արած՝ «ուղտերթն» էր»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին այդ երթի ժամանակ հաջողվել էր հավաքել մոտ 300 հոգի, հիշեցնելով՝ երբ Նիկոլ Փաշինյանը 2029 թվականին դատարաներն էր շրջափակում, նրան կամավոր ավելի շատ մարդ միացավ։ Բայց այսօր, նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ մարդաքանակ չի կարողանում ապահովել՝ հազիվ 3-400։
«Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղհասարակության անդամները մոռանում են վերևից նկարել ու ցույց տալ, թե «ժողվարչապետը» որքան մարդ է հավաքել։ Այս մարդն ԱԺ-ում ունի 70 պատգամավոր, եթե յուրաքանչյուրը 10 հոգի բերեր, ապա մարդկանց թիվը կարող էր 700-ն անցնել։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանն անգամ իր պատգամավորների վրա ազդեցություն չունի։
Նիկոլ Փաշինյանը մնացել է միայն վարչական ռեսուրսի հույսին, ինչը նրան մեծ հաջողություն չի կարող բերել։ Նա մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ է կիրառում, որը ժամերի ընթաքում արագ բացահայտվում է։ Նա ամեն կիրակի գնում է գյուղեր, տարբեր եկեղեցիներ, դրանով փորձում ակտիվացնել զանգվածների շարժումը, բայց քանի որ ֆունդամենտալ խնդիր կա՝ հասարակությունն ակտիվ ազդեցություն ցույց չի տալիս, արշավը եկեղեցու դեմ հաջողություն չի ունենում։ Բայց այս մարդն ամեն կերպ ձգտում է եկեղեցու դեմ արշավը ցույց տալ՝ որպես համաժողովրդական շարժում, բայց չի ստացվում»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։



