Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի ձերբակալությունը և գնդակահարությունը 1938 թվականին

1930-ականներին Հայոց եկեղեցու դեմ հակակրոնական պայքարի մասին խոսելիս հիշատակության է արժանի 1938 թվականին գնդակահարված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը:

Նրա կենսագրության, ինչպես նաև կատարած հոգևոր, կրթական, մշակութային, հայրենանվեր աշխատանքների մասին երկար կարելի է խոսել, սակայն կարճ, մի քանի նախադասությամբ ներկայացնենք նրա գործունեության մասին: Նա ծնվել է 1869 թ. Վլադիկավկազ քաղաքում, 1892-ին ավարտել է Գևորգյան ճեմարանը և մեկ տարի անց ձեռնադրվել սարկավագ: 1893-ին դարձել է Մայր Աթոռի միաբան, 1896-ին ձեռնադրվել է աբեղա, 1897-ին ծառայության կանչվել Աստրախանի թեմում:

1899-ին ստացել է վարդապետական կոչում: 1910-ին ծառայության է կանչվել Էջմիածին և նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ, ապա նաև՝ Գևորգյան ճեմարանի ժամանակավոր տեսուչ։ Նա մասնակցել է եկեղեցական ու կրթական բարեփոխումներին, կազմակերպել ճեմարանի մանկավարժական թանգարանի կառուցումը: 1913 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային ու մարդասիրական աշխատանքներին:

Կարդացեք նաև

1920-ին դարձել է Սինոդի անդամ, իսկ 1921-ին՝ Սինոդի նախագահ։ Խորհրդային իշխանությունների հակաեկեղեցական արշավանքի դեմ հանդես է եկել կոշտ դիրքորոշմամբ:

1927-ին նշանակվել է Վրաստանի թեմում կաթողիկոսի ներկայացուցիչ: 1928-1932 թթ. եղել է Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմի առաջնորդ։ 1931 թվականին Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը ծանր հիվանդության պատճառով հրաժարվել է թեմի առաջնորդի պաշտոնից, սակայն 1932 թվականից Վարդազարյանն ընդգրկվել է Էջմիածնի միաբանների կազմում։ Մասնակցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություններին՝ սկզբում ընդգրկվելով թեկնածուների ցանկում, սակայն հետագայում հրաժարվել է առաջադրումից։

1938 թվականին ձերբակալվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը: Նա ձերբակալվում է փետրվար ամսին: Նրա ձերբակալության, առաջադրված կեղծ, շինծու մեղադրանքների մասին մանրամասն ներկայացված է Արմենակ Մանուկյանի «Հայ Առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/» գրքում.

«Բագրատ արքեպիսկոպոսի գործը թերթելիս միանգամից աչքի է ընկնում այն, որ ոչ մի կերպ հնարավոր չէ ճշտել նրա ձերբակալման օրը: Այսպես, ձերբակալման օրդերում նշված է փետրվար 1938 թ., խուզարկության արձանագրության վրա՝ 8 փետրվարի 1938 թ. ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի ֆինբաժնի անդորագիրը, որից երևում է, թե ինչ գումար է վերցվել ձերբակալված Բագրատ Վարդազարյանից, թվագրված է 2 մարտի 1938 թ., ձերբակալվածի անկետան՝ 6 փետրվարի 1938 թ., առաջին հարցաքննության ամսաթիվը նշված է 13 փետրվարի 1938 թ., երկրորդը 19 փետրվարի 1938 թ., իսկ երրորդ՝ վերջինը, հանկարծ 1 փետրվարի 1938 թ.»: (Մանուկյան Ա., «Հայ Առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/», Երևան, 1997, էջ 50):

Կարդալով և ծանոթանալով Բագրատ Վարդազարյանի հարցաքննության արձանագրություններին պարզ է դառնում, թե շինծու, ապօրինի ինչ մեղադրանքներով են ձերբակալել բարձրաստիճան հոգևորականին:

Ներկայացնենք հարցաքննության մի քանի օրինակներ արքեպիսկոպոսին տված հարցերից, որպեսզի պատկերը հասկանալի լինի.

«Հարց.- Դուք որպես ազգայնական-հակախորհրդային ոգով տրամադրված տարր, պարբերաբար Էջմիածնի վանքի միաբանության այլ անդամների հետ թշնամական դիրքերից քննադատում էիք Խորհրդային իշխանությանը: Առաջարկում ենք խոստովանել»: (Նույն տեղում, էջ 54):

«Տվեք ցուցմունքներ կաթողիկոս Խորենի, ձեր և Էջմիածնի մյուս հոգևոր կուլտի ծառայողների հակախորհրդային աշխատանքի մասին»: (Նույն տեղում, էջ 56):

«Դուք ամեն ինչ չպատմեցիք ձեր կապերի մասին անգլիական հրամանատարության հետ: Քննությունը պահանջում է մանրամասն ցուցմունքներ ձեր անգլիական հրամանատարության հետ կապերի մասին, որը հետագայում վերածվեց լրտեսական գործունեության»: (Նույն տեղում, էջ 52):

Պարզ է դառնում, որ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին կարվում էր «լրտեսության, հակախորհրդային» շինծու մեղադրանքը: Պահպանվել է նաև ԽՍՀ ՆԳԺԿ «Եռյակի» 1938 թվականի փետրվարի 28-ի խորհրդակցության վերջնագիրը.

«ԼՍԵՑԻՆ՝

Հայկ. ԽՍՀ ՆԳԺԿ ՊԱՎ 4 բաժնի գործը հ. 4593 Վարդազարյան Բագրատ Պողոսի, 1869 թ. ծ., բն. Գ. Վաղարշապատում, նույն շրջանի արքեպիսկոպոս:

ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Մեղադրվում է այն բանում, որ լինելով հ/ս տրամադրված տարր, պտտվում էր Էջմիածնի վանքի հոգևորականների շրջանակներում, պարբերաբար վարում էր հ/խ ագիտացիա և ուներ հ/հ արտահայտություններ հասցեագրված կուսակցությանը և կառավարությանը:

ՈՐՈՇԵՑԻՆ՝

Բագրատ Պողոսի Վարդազարյանին- ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ,

Անձամբ իրեն պատկանող իրերը- ԲՌՆԱԳՐԱՎԵԼ»: (Նույն տեղում, էջ 58):

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի ճակատագիրը խորհրդային հակակրոնական քաղաքականության ամենախոսուն վկայություններից է: Երկար տարիների հոգևոր, կրթական ու ազգային ծառայությունը մեկ ակնթարթում ջնջվեց շինծու մեղադրանքների և հակաեկեղեցական քաղաքականություն վարող համակարգի կողմից: Նրա գործը ցույց է տալիս, որ 1930-ականներին Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարն ուղղված չէր մի քանի հոգևորականների դեմ, այլ նպատակ ուներ կոտրել եկեղեցու ինքնուրույնությունը և լռեցնել ազգային հիշողությունը կրող հոգևորականությանը։

Բագրատ Վարդազարյանի գնդակահարությունը դարձավ ոչ միայն անհատի, այլև ամբողջ մի դարաշրջանի բարոյական դատավճիռ։ Ցավալիորեն նույն ոճով է գործում հիմա «ազգությամբ հայ» իշխանությունը: Բանտերում շարունակում են մնալ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ հոգևորականները:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս