Թուրքիայի փոխվարչապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից՝ Ստամբուլում պուրակի վերակառուցման դեմ բողոքի ակցիայի ցրման ժամանակ անհիմն ուժի կիրառման համար:
Այս մասին Twitter-ում հայտնել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի մամուլի ծառայությունը: Արընչն ընդգծել է, որ ներկայումս տարվում է հետաքննություն՝ պարզելու համար խաղաղ ցուցարարների նկատմամբ անհիմն ուժ կիրառելու անմիջական մեղավորներին:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ իշխանությունները մտադիր չեն տուրք տալ փողոցի ճնշմանը և բողոքավորներին կոչ է արել զերծ մնալ բռնություններից և տուրք չտալ սադրանքներին: Փոխվարչապետի խոսքերով՝ ցուցարարների թվում են գտնվել 11 անլեգալ խմբավորումների ներկայացուցիչներ:
Արընչն օտար մամուլին մեղադրել է «միտումնավոր ապատեղեկատվություն տարածելու» մեջ, ինչը մասնավորապես վերաբերում է տուժածների ու ձերբակալվածների թվաքանակին: