«Ֆորս մաժորի» սպասելիս

Երևանի ավագանու ընտրություններից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը կարծիք էր հայտնել, որ աշնանը ԲՀԿ-ն պետք է հայտարարի իր ընդդիմություն լինելու մասին:

Ինչո՞ւ հատկապես աշնանը, և ոչ թե գարնանը կամ տարվա որևէ այլ եղանակի, այս հարցի վերաբերյալ Օսկանյանը որևէ հստակություն չէր մտցրել: Քաղաքական և փորձագիտական շրջանակներում համոզված են, որ Վարդան Օսկանյանը նկատի է ունեցել, որ աշնանը տեղի են ունենալու այնպիսի իրադարձություններ, որոնց արդյունքում ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալը լինելու է անխուսափելի:

Ըստ այդ տեսակետի, այդ իրադարձությունները կապված են լինելու Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: Սպասվում է, որ աշնանը միջնորդները կողմերին են ներկայացնելու Ղարաբաղյան հարցի կարգավորման սկզբունքները հստակեցնող մի փաստաթուղթ, և Հայաստանի իշխանությունը ստորագրելով այդ փաստաթուղթը, իր համաձայնությունն է տալու կարգավորման այդ տարբերակին:

Հենց այդ ժամանակ ԲՀԿ-ն իր շուրջ համախմբելով ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և էլի ինչ-որ քաղաքական ուժերի, ունենալով արտաքին քաղաքական աջակցություն Ռուսաստանից, հայտարարելու է, որ իշխանություններն այդպիսի փաստաթուղթ ստորագրելով` ծախում են Ղարաբաղը, որ նրանք արյամբ ձեռք բերված պատմական հայրենիքի այդ հատվածը զիջում են թշնամուն, ինչը կանխելու համար պետք է հնարավորինս արագ իշխանությունից հեռացնել դավաճանության ճանապարհը բռնած իշխանավորներին:

Թե որքանով է այս սցենարն իրատեսական, հիմա դժվար է գնահատել, բայց որ առաջիկա ամիսներին, գուցե նաև տարիներին քաղաքական իրադարձություններն ընթանալու են հենց նման` դավաճանական փաստաթղթի ստորագրման սպասման կոնտեքստում, կարելի է չկասկածել: 1998թ. իշխանափոխությունից հետո այդ սպասումը մշտապես առկա է եղել ներքաղաքական օրակարգում, և հատկապես ակտուալ է եղել ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում, երբ իշխանության մեջ չգտնվող քաղաքական ուժերի իշխանության գալու միակ հույսը մնացել է հենց իշխանության դավաճանությունը:

Խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներում ՀՀԿ-ն պահպանեց իշխանության նկատմամբ մոնոպոլիան: Քանի որ առաջիկա չորս տարիների ընթացքում նոր համապետական ընտրություններ նախատեսված չեն, ենթադրվում է, որ այդ մոնոպոլիայի դեմ պայքարող քաղաքական ուժերը պետք է համակերպվեն ստատուս-քվոյի հետ և սպասեն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Բայց եթե քաղաքական ուժերը հայտարարեն, որ առաջիկա չորս տարվա ընթացքում իրենք իշխանությունը վերցնելու որևէ հնարավորություն կամ առիթ չեն ունենալու, դա կնշանակի նրանց վախճանը:

Այն պարզ պատճառով, որ անգործությունը և անշարժությունը ցանկացած կենդանի օրգանիզմի, ինչպիսին է նաև քաղաքական կուսակցությունը, կարող է հասցնել մահվան: Եվ ահա իրադարձությունների զարգացման նման սցենարը կանխելու համար, յուրաքանչյուր նման իրավիճակից հետո, երբ հաստատվում է երկարաժամկետ ստատուս-քվո, սկսվում են խոսակցություններն այն մասին, որ շատ շուտով այդ ստատուս-քվոն խախտվելու է, քանի որ տեղի են ունենալու «ֆորսմաժորային իրադարձություններ»:

2009թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո այն ժամանակվա ընդդիմության լիդեր Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային և իր թիմի վերնախավի հետ մասնավոր զրույցներում վստահեցնում էր, որ շուտով Սերժ Սարգսյանին պարտավորեցնելու են ստորագրել Ղարաբաղի հարցի լուծման մի այնպիսի փաստաթուղթ, որը դժգոհության տեղիք է տալու ինչպես` Հայաստանում և Ղարաբաղում, այնպես էլ` Ռուսաստանում, և ստեղծվելու է մի իրավիճակ, որ իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու համար, ինքնակամ հանձնելու է իշխանությունը: Մնում է միայն զինվել համբերատարությամբ և սպասել այն հարմար պահին, երբ իշխանությունը կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա կմատուցվի իրենց: Տեր-Պետրոսյանի շրջապատի ներկայացուցիչները համոզված լինելով, որ շեֆն ամեն ինչ գիտի, հենց այդպես էլ վարվեցին: Սպասեցին այնքան ժամանակ, մինչև որ պարզ դարձավ, որ ոչ մի «ֆորս մաժոր» էլ տեղի չի ունենալու և, հետևաբար, տեղի չեն ունենալու արտահերթ նախագահական ընտրություններ:

Հիմա «ֆորս մաժորի» գաղափարախոսը դարձել է Վարդան Օսկանյանը և նա է գլխավորելու սպասման շարժումը: Օսկանյանը համոզված է, որ փաստաթուղթը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկելու են ստորագրել հենց աշնանը` Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ:
Հնարավոր է, որ Ադրբեջանի իշխանությունն իր համաձայնությունը տա այդ փաստաթղթին, քանի որ այնտեղ խոսվում է հայկական կողմի՝ տարածքային զիջումների գնալու պարտավորության մասին, որը Ադրբեջանի նախագահն ընտրություններից առաջ կներկայացնի` որպես իր իշխանության հաղթանակ: Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ փաստաթղթին իր համաձայնություն, պետք է տա Հայաստանը:

Մյուս հարցն այն է, թե ինչո՞ւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր ղեկավարած կուսակցության ընդդիմադիր չլինելու մասին, եթե կուսակցության վերնախավում համոզված են, որ աշնանն իրենք «ռուսական պասով» ընդդիմադիր են դառնալու: Պատճառը, թերևս, այն է, որ Ծառուկյանը չլինելով դասական իմաստով քաղաքական գործիչ` կանխատեսումների փոխարեն` գերադասում է առաջնորդվել գործող իրողություններով:

Տեսանյութեր

Լրահոս