«Եկեղեցում պատարագը մատուցվում է կանոնով… հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր իրենց կարծիքը փոխում են». Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր որոշ թիմակիցների և մի քանի աջակիցների հետ գնացել էր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղ, որտեղ Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեց պատարագի։ Նրա համար երեկ պատարագ մատուցեց ոչ թե Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Մաշտոցը, այլ Արմավիրի թեմի առաջնորդը՝ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, և նույն թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը, ով անցնող կիրակի Գյումրու Սուրբ «Յոթ վերք» եկեղեցում Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցեց՝ զեղչելով Վեհափառ հայրապետի անունը։

Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանի խոսքով՝ եկեղեցում պատարագը մատուցվում է եկեղեցու կանոնով։

«Առաքելական եկեղեցու կանոնով է պատարագ մատուցվում, կանոնից դուրս ոչինչ չի կարող լինել»,- 168.am հետ զրույցում նշեց հոգևորականը։

Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ իր մասնակցությամբ պատարագներին կաթողիկոսի անունը չպետք է հնչի, Տեր Մաշտոցը նկատեց.

Կարդացեք նաև

«Թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը՝ իրեն հարցրեք, ինձ կարող եք իմ եկեղեցուց ու եկեղեցու կանոնից հարցնել։ Թե ով ինչ է ասել՝ ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, իմ առաքելությունը Հայ Առաքելական եկեղեցուն ծառայելն է, իսկ իմ կարգը կայանում է նրանում, որ մարդկանց օրհնում եմ։ Իսկ այդ քաղաքականությունից, թե ով ում կողմն է, ում է սիրում, ում է հարգում կամ չի հարգում՝ ինձ մի հարցրեք»։

Հարցին՝ այսինքն՝ անկախ նրանից, թե ով կլինի տվյալ պատարագին՝ Նիկոլ Փաշինյանը, թե նրա թիմակիցներից մեկը, հնչեցնելո՞ւ եք Վեհափառի անունը, հոգևորականը պատասխանեց.

«Ով ուզում է լինի, ով էլ գա՝ ես սիրով պատարագ եմ անում, եկեք նայեք, տեսեք ու իմացեք։

Ես Գրիգոր Տաթևացուց մի բան եմ ուզում ասել։ Տեսեք, հենց հիմա Հայաստանում ցուրտ է, չէ՞, նշանակում է` արևը մեզ չի՞ ջերմացնում, բայց արևի ջերմությունը նույնն է, նա միշտ նույն ձևով է ջերմացնում։ Պարզապես երկիր մոլորակի դիրքից մեզ մոտ ցուրտ է, բայց արևը նույն ջերմությունն ունի, ինչպես ամռանը։

Հիմա ինձ սիրում են, թե չեն սիրում, դա մարդկանց դիրքերից է, ով ուզում է լինի,  ինձանից չէ, ես միշտ նույնն եմ։ Երբեմն իրենց մոտ ձմեռ է, դա իրենց դիրքերից է, ամառ է՝ նորից իրենց դիրքերից է։ Ես միշտ նույնն եմ, Աստված ինչպես ինձ ստեղծել է, ես չեմ կարող ուրիշ բան լինել։ Տերն այդպես է կամեցել, ես այդպիսին եմ, այդպիսին է նաև իմ ծնողների դաստիարակությունը։ Մարդը չի կարող փոխվել, հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր իրենց կարծիքը փոխում են։ Ընդմիշտ հիշեք՝ ով ինչ ցանի, այն էլ կհնձի, ով ինչ ցանել, այն էլ հնձում է։ Ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ մարդու վերջը բարի լինի, բարիք ցանեք, որ ձեր վերջը բարի լինի։ Ինձ ճիշտ հասկացեք, սա է իմը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը չէր հերքել, որ ԱԱԾ-ի կամ այլ անձանց կողմից հրահանգվում է, որպեսզի այն եկեղեցիներում, որտեղ ինքը մասնակցում է պատարագի, չհնչի Վեհափառ հայրապետի անունը։

Տեսանյութեր

Լրահոս