Համակ ուշադրությունը սևեռված է իրանական Չաբահար նավահանգստի վրա այն բանից հետո, երբ Աֆղանստանը կմիանա Հնդկաստանին

Մեկը մյուսի հետևից Աֆղանստանի նախարարների պաշտոնակատարների երկու այցերը Հնդկաստան բացեցին Եվրասիայի առանցքային գոտում աշխարհաքաղաքական վերափոխումների ևս մեկ գլուխ: Առաջին այցը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր խան Մոթաքիի կողմից: Նրա ուղևորությունը Նյու Դելի և Դեոբանդ` միջազգային ազդեցություն ունեցող Դեոբանդի սուննի իսլամական դպրոցի կենտրոնակայան, ունեցավ հսկայական նշանակություն։

Այս այցի ընթացքում Հնդկաստանը պաշտոնապես հայտարարեց՝ վերաբացում է իր դեսպանատունը Քաբուլում, ինչը նշանավորեց Աֆղանստանում «Թալիբան» շարժման իսթեբլիշմենթի փաստացի ճանաչումը: Հոկտեմբերի 21-ին Հնդկաստանը պաշտոնապես վերսկսել է իր ներկայացուցչությունը Քաբուլում։

Առևտրի նախարարի պաշտոնակատար Նուրուդդին Ազիզիի երկրորդ այցը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին դիվանագիտական գործունեության վերսկսումից հետո, ռազմավարական նոր հարթություն հաղորդեց արագ զարգացող հարաբերություններին:

Որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա ազդեցություն ունեցող համարձակ քայլ՝ դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանը հայտարարեց Պակիստանի Կարաչի նավահանգստով իր միջազգային առևտրի դադարեցման մասին: Փոխարենը՝ Քաբուլը որոշեց իր առևտուրն ուղղել իրանական Չաբահար նավահանգստով` Հնդկաստանն ընտրելով որպես հիմնական ուղղություններից մեկը:

Կարդացեք նաև

Հնդկաստանն ակտիվորեն մասնակցում է Հնդկական օվկիանոսի խորը ծովային նավահանգստի Շահիդ Բեհեշտիի տերմինալում նավահանգիստների և այլ ենթակառուցվածքների կառուցմանը: Հնդկաստանի համար Չախբախարը Եվրասիա ցամաքային-ծովային ճանապարհի մի մասն է։

Աֆղանստան մեկնող ապրանքները բեռնվում են Մումբայի Նահավա Շևա նավահանգստում գտնվող բեռնարկղերում, այնուհետև բեռնաթափվում Չաբահարայում, որտեղ մաքսային ընթացակարգերն ընթանում են արագացված ռեժիմով:

Այնուհետև այդ բեռնարկղերը տեղափոխվում են Իրանի ավտոմայրուղիների ցանցով, որի «չոր» նավահանգիստը Աֆղանստանի Նիմրոզ նահանգի Զարանջն է: Այստեղից ապրանքներն ուղարկվում են հյուսիս` Հերաթի ուղղությամբ, որտեղ դրանք միանում են Աֆղանստանի մայրուղիների համակարգին։ 

Նախատեսվում է՝ Չաբահար երթուղին միացնել համաեվրասիական մեկ այլ խոշոր հաղորդակցության հանգույցի` ավելի քան 7000 կիլոմետր երկարությամբ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) հետ:

Նյու Դելիում գտնվելու ընթացքում Աֆղանստանի առևտրի նախարարի պաշտոնակատարը խոսել է հինգ կետից բաղկացած ծրագրի մասին` Հնդկաստանի հետ առևտրի ընդլայնում, Չաբահար նավահանգստի օգտագործման ընդլայնում, Նիմրոզում չոր նավահանգիստների ստեղծում, Քաբուլը Նյու Դելիին և Ամրիտսարին կապող բեռնափոխադրումների քանակի ավելացման և Աֆղանստանում հնդկական ներդրումների արագ աճի մասին:

Աֆղանստան հնդկական կապիտալի ներհոսքը խրախուսելու համար, Ազիզին մի քանի առատաձեռն առաջարկներով է հանդես եկել: Նա նշել է, որ հնդկական ներդրողները կստանան հնգամյա հարկային արտոնություններ, անվճար հողահատկացում և արագացված բյուրոկրատական թույլտվություններ մի քանի ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունաբերություն, դեղագործություն, տեքստիլ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկայի ու շինարարության ոլորտներ: Քաբուլը նաև պատրաստակամություն է հայտնել նվազեցնել ներմուծման մաքսատուրքերը: Պակիստանյան դեղագործական արտադրանքի արգելքից հետո Աֆղանստանը փնտրում է հնդկական դեղորայք։

Իրականում Հնդկաստանի հետ առևտրի ծավալներն արդեն աճում են, 2024-25-ականներին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի նշագիծը, ընդ որում, մատակարարումների զգալի ծավալներն իրականացվել են Չաբահարով և օդային միջանցքներով տարանցմամբ։ Հնդկաստանը զգալի քանակությամբ ստանում է Աֆղանստանի ապրանքանիշային արտադրանք` չիր, զաֆրան, թուզ, չամիչ, գորգեր և խոտաբույսեր։

Իր հերթին, Հնդկաստանն Աֆղանստան է արտահանում դեղորայք, ցորեն, շաքար, մեքենաներ, էլեկտրական ապրանքներ, տեքստիլ և բժշկական սարքավորումներ, ընդ որում՝ տարանցիկ բեռները շրջանցում են Պակիստանը։

Բացի առևտրից, նախարարի պաշտոնակատարը հնդկական ընկերություններին հրավիրել է վերագործարկել Աֆղանստանում չգործող հանքարդյունաբերության որոշ հանքեր, որոնք փակվել էին կապիտալի պակասի պատճառով: Դրանք ներառում են ոսկու հանքեր, որոնք չեն շահագործվում ենթակառուցվածքների, տեխնիկական փորձագիտության և անվտանգության խնդիրների բացակայության պատճառով:

Ազիզին նշել է, որ Աֆղանստանում կան ավելի քան 1400 օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք պարունակում են բարիտ, քրոմիտ, ածուխ, պղինձ, ոսկի, երկաթի հանքաքար, կապար, բնական գազ, նավթ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, աղ, ծծումբ, լիթիում, ցինկ, ինչպես նաև բազմաթիվ այլ օգտակար հանածոներ: Թանկարժեք քարերը ներառում են բարձրորակ զմրուխտներ, լազուրիտ, կարմիր նռնաքար և ռուբին:

Պենտագոնի և ԱՄՆ Երկրաբանական ծառայության համատեղ հետազոտության համաձայն` Աֆղանստանի չբացահայտված օգտակար հանածոների արժեքը գնահատվում է 1 տրիլիոն դոլար:

Հաշվի առնելով Հնդկաստանի ձգտումը՝ որոնել հազվագյուտ տարրեր իր էլեկտրամոբիլների և էլեկտրոնային արդյունաբերության համար՝ անսպասելի չի լինի, եթե Հնդկաստանը դրական արձագանքի Աֆղանստանի պղնձի և լիթիումի պաշարներն օգտագործելու առաջարկին։

Հաղորդվում է՝ «Թալիբան» շարժումը նաև Չինաստանին առաջարկել է վերսկսել կասեցված նախագծերը և ապահովել լիթիումի և հազվագյուտ հողերի հասանելիություն: Այնուամենայնիվ, Պեկինի հետաքրքրությունն Աֆղանստանի հանքարդյունաբերության ոլորտ վերադառնալու հարցում մնում է չափավոր, և երկրում առկա անվտանգության պայմանների վերաբերյալ մտահոգությունները դեռ չեն թուլացել:

Հնդկաստանի հետ Աֆղանստանի կապերի ընդլայնումը հետևում է Պակիստանի հետ Քաբուլի հարաբերությունների սրընթաց վատթարացմանը։ Պակիստանն Աֆղանստանին մեղադրել է «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» խմբավորմանն աջակցելու մեջ, որը մեղադրվում է Պակիստանում ավելի քան 2400 մարդու սպանության մեջ: «Թալիբան» շարժումը, սակայն, հրաժարվել է աջակցել վերոնշյալ խմբավորմանը։

Երկու երկրների միջև լարվածությունը սրվել է նաև Աֆղանստանի և Պակիստանի միջև վիճելի սահմանի՝ Դյուրանդի գծի երկայնքով մահացու բախումների պատճառով: Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքում, ինչն էլ ավելի է սրել լարվածությունը։

Քանի որ հարաբերությունները երկու հարևանների միջև փակուղի են մտել, Պակիստանը բազմիցս արգելափակել է Աֆղանստանի հետ տարանցիկ առևտուրը՝ խաթարելով սննդի, դեղորայքի և արդյունաբերական ապրանքների հասանելիությունը։

Աֆղանստանը դադարեցրել է առևտուրը Պակիստանի Կարաչի նավահանգստով։ Միևնույն ժամանակ դիվանագիտությունը նույնպես չի աշխատել, և բանակցությունները Թուրքիայի միջնորդությամբ նոյեմբերի սկզբին տապալվել են։

Ակնկալվում է, որ Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների վատթարացումը Նյու Դելիի և Քաբուլի միջև հարաբերությունների արագ բարելավման խորապատկերին կնպաստի Չաբահար երթուղու էական զարգացմանը: Մասնավորապես, փոփոխվող աշխարհաքաղաքական պայմանները, որոնք ավելի մեծ կախվածություն են առաջացնում Չաբահարից, կարող են դրդել Չաբահար – Աֆղանստան երթուղով երկաթուղիների զարգացմանը։ 

Ներկայումս Իրանում 634-700 կմ երկարությամբ Չաբահարի և Զահեդանի միջև երկաթուղու շինարարությունն ընթանում է հաջող: Շինարարությունը սկսվել է 2013 թվականին, և ակնկալվում է, որ այն կավարտվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:Սակայն արդեն փորձեր են արվում երկաթուղային գծերն ընդլայնել Իրանի սահմանից այն կողմ, մասնավորապես մինչև Զարանջ, որն ընտրվել է որպես չոր նավահանգիստ:

Մինչև Զանանջի ընդլայնման դեպքում Աֆղանստանը կինտեգրվի իրանական երկաթուղային համակարգին, որն արդեն միացված է Կենտրոնական Ասիայով և Ռուսաստանով անցնող Եվրասիական ավելի մեծ երկաթուղային երթուղիներին:Այլ կերպ ասած՝ Զադեհանից մինչև Զարանջ երկաթուղու ընդլայնումը Աֆղանստանը կմիացնի INSTC – ի 7000 կիլոմետրանոց ցանցին, որն ամբողջությամբ շրջանցում է Պակիստանը:

Նոր երկաթուղային երթուղիներ փնտրելով` Աֆղանստանի պաշտոնյաները պնդում են, որ Զահեդան-Զարաջ գիծը երկարացվի մինչև Քաբուլ, իսկ այնտեղից հյուսիս-արևմուտք` Մազարի-Շարիֆի և Ուզբեկստանի ուղղությամբ` Եվրասիական երկաթուղային համակարգի մեկ այլ հանգույց, որն անցնում է՝ շրջանցելով Պակիստանը:

Թեև կարելի է ակնկալել, որ Հնդկաստանը, Իրանը և Աֆղանստանը կարագացնեն Չաբահար երթուղու առաջխաղացումը, այդ պայքարում սենյակում փիղը Միացյալ Նահանգներն է:

Ներկայումս ԱՄՆ-ը Հնդկաստանին վեցամսյա պատժամիջոցներից ազատում է տրամադրել՝ Չաբահարի երթուղին շարունակելու համար, որը կարգավորվում է պատժամիջոցների միջոցով «Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով կամ CAATSA-ով:

2017-ին ԱՄՆ դաշնային օրենքում ներառված այս օրենքը պատժամիջոցներ է սահմանում Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ և պատժում է այն երկրներին կամ կազմակերպություններին, որոնք ներգրավված են նրանց հետ նշանակալի պաշտպանական կամ էներգետիկ գործարքների մեջ: Կարելի է ակնկալել, որ Պակիստանը նույնպես չափազանց մեծ ակտիվություն կցուցաբերի` Նյու Դելիի, Քաբուլի և Թեհրանի եռակողմ գործընկերությունը խաթարելու համար:

ԱԹՈՒԼ ԱՆԵԺԱ

Աֆղանստան

katehon.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս