Նախիջևանի զարգացումը տարածաշրջանային խաղի կարևորագույն աշխարհաքաղաքական քայլերից է. Շիրազ Խաչատրյան

Նոյեմբերին 168.am-ը հայտնել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակ ունեցող իրաբանական և ֆիզիկական անձինք 2026թ. հունվարի 1-10 տարով կարող են ազատվել գրեթե բոլոր հարկերից, ինչը ենթադրում է մի շարք փոփոխություններ Հարկային կոդեքսում, և, որ արտոնությունը տարածվելու է արդյունաբերական առանցքային ուղղությունների վրա, փորձ է արվելու ներդրումային միջավայրը բարելավել, ավելացնել ներդրումների ծավալը:

Այդ ժամանակ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ թեմայի շուրջ քննարկմանը մի շարք ռիսկեր էինք տեսել, որ Նախիջևանում հայտարարած լայնածավալ հարկային արտոնությունները միայն տնտեսական բնույթի նախաձեռնություն չեն, այլ նաև Նախիջևանի բնակեցման և ժողովրդագրական քաղաքականության փոփոխության մասին են։

«Եթե Նախիջևանը վերածվում է հարկային և վարչական ազատ գոտու, ապա ժամանակի ընթացքում այնտեղ անխուսափելիորեն ավելանալու է թուրքական կապիտալի ներգրավվածությունը, աճելու է նաև բնակչության թիվը։ Այս ամենը նպաստելու է նրան, որ ձևավորվելու է համաթուրքական տնտեսական միջանցք՝ կայուն սոցիալ-տնտեսական հիմքով, որն էլ լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ տարածաշրջանային նախագծերի առանցքային հենակետը։

Հայաստանի համար այս գործընթացը պարունակում է մի շարք լուրջ ռիսկեր։ Նախ՝ դա խորացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը մեր անմիջական հարևանությամբ, և թույլ է տալիս Բաքվին ամրապնդել իր դիրքերը հարավարևմտյան սահմանային ուղղությամբ՝ փաստացի «փակելով» Հայաստանի մուտքը դեպի Իրան և վերահսկելով հարավային հաղորդակցական հնարավորությունները։ Երկրորդ՝ Նախիջևանի այս «նոր մոդելը» կարող է դիտվել որպես նախադեպ՝ հետագայում նմանատիպ ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նաև այն տարածքներում, որոնք Ադրբեջանը կարող է ստանալ սահմանազատման շրջանակներում»,- նոյեմբերին մեզ հետ զրույցում նշել էր փորձագետը:

Կարդացեք նաև

Արդեն այսօր ադրբեջանական «Հաքքինազն» իր վերլուծականում խոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զարգացման վիճակագրության ոչ միանշանակ լինելու կամ տնտեսական զարգացման համեստ դինամիկայի, ինչպես նաև՝ բնակչության ցածր թվաքանակի մասին, գրել է, որ նպատակ կա այստեղ կիրառել «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական շրջանների մոդելը: Բնականաբար, ադրբեջանական լրատվամիջոցը չի անտեսում «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղի» նախագծի համատեքստում ակնկալվող քաղաքական, տնտեսական շահը:

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ «Ադրբեջանի երկաթուղիներն» ավարտել է Նախիջևանում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման նախագծային աշխատանքները, և, որ ներկայումս շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանին մոտ՝ Օրդուբադի շրջանի հատվածում։ Շինարարական աշխատանքները ներառում են 188 կմ երկարությամբ երկաթուղային գիծ:

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիան ազդարարել էր Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարության մեկնարկը, նոր երկաթգիծը կանցնի Հայաստանի հարավով ու կհասնի Ադրբեջան։

Այս թեմայի շուրջ այսօր 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց.

«Ակնհայտ է, որ Նախիջևանը դարձել է Բաքու-Անկարա նախագծերի առանցքային օղակներից մեկը, և երկու կողմերն էլ փորձում են Անդրկովկասում ձևավորել տրանսպորտային, էներգետիկ և ռազմավարական միասնական տարածք։ Սա միաժամանակ ձեռնտու է երկու մայրաքաղաքներին:

Նախ՝ բազմիցս խոսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը փորձում «լեգիտիմ» ձևով շրջանցել Հայաստանը միջանցքային տրամաբանությամբ, երկրորդ՝ Նախիջևանի հետ սերտ կապը Թուրքիային, հատկապես նրա արևելյան սահմանների ուղղությամբ, տալիս է նոր տնտեսական և քաղաքական կշիռ։ Անկարայի համար դա կարևոր է ոչ միայն սահմանային անվտանգության ուժեղացման, այլ նաև Իրան-Հայաստան սահմանային գոտում սեփական դիրքերի ամրապնդման տեսանկյունից։

Այո, Նախիջևանի տնտեսական փաթեթավորմամբ «զարգացման պլանն» իրականում շատ ավելի լայն գործընթացի մաս է։ Նախաձեռնությունն արտացոլում է Բաքու-Անկարա համագործակցության նոր բնույթը, ձևավորում է տարածաշրջանում Հայաստանը շրջանցող նոր ճարտարապետություն, աշխատում որպես հակակշիռ նաև Իրանի ուղղությամբ և նպաստում ուժերի վերաձևավորմանն ամբողջ տարածաշրջանում։ Այս իմաստով՝ Նախիջևանի զարգացումը տարածաշրջանային խաղի կարևորագույն աշխարհաքաղաքական քայլերից է։ Եվ հենց դա է պատճառը, որ Բաքուն ու Անկարան այն դարձնում են առաջնահերթություն՝ անկախ նրանից, թե իրական տնտեսական ցուցանիշները որքանով են արդարացնում նման հավակնությունները»:

Տեսանյութեր

Լրահոս