Կիրանցի պատի տակ որոշվել է «զինաթափել» Սահմանապահ զորքերը. Փաշինյանի և ռազմական ղեկավարության համատեղ քաղաքական շոուն
Նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ շարքային քաղաքացիներին հրավիրել էր տեսնել նոր գնված սպառազինությունը և ռազմական տեխնիկան:
«ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները»,- գրել էր նա:
Այս գաղափարը շատ քաղաքացիներ չէին ողջունել, կամ՝ առաջարկել էին զորահանդես կազմակերպել, ինչին Փաշինյանը դեմ է, այն չի տեղավորվում խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ: Փոխարենը՝ քաղաքական PR այս գաղափարին դեմ չեն արտահայտվել ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավարությունը:
Եվ արդեն դեկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ որոշում է այցելել Տավուշի մարզի Կիրանց բնակավայր, այնուհետև նրանց «կոնֆիդենցիալության պայմաններում ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները»:

Ովքե՞ր են այս մարդիկ, որքանո՞վ նրանք իրավունք ունեն իմանալու գաղտնիության տարրեր պարունակող տեղեկատվությունը: Սա՝ այն դեպքում, երբ զորահանդես չի կազմակերպվում, երբ պետական գաղտնիքի օրենքին հղում անելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ մեկ անգամ մերժել է մեզ գրավոր կերպով թույլատրելի սահմանում հայտնել՝ արդյո՞ք ֆրանսիական կողմից հրապարակավ խոստացված, հայտարարված բոլոր համակարգերը կամ ռազմական տեխնիկան է մատակարարվել Հայաստանին, լրագրողների հետ փակ հանդիպումների ժամանակ ևս զգուշավորություն է դրսևորվել:
Ավելին, հոդվածը գրելու պահի դրությամբ նոր գնված սպառազինության նմուշներին չէր հասցրել ծանոթանալ դեռ խորհրդարանական ընդդիմությունը:
Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել էր, որ ՊՆ ներկայացուցիչը ճշտումներ է կատարել, լսել է, որ դեմ չեն նոր սպառազինությանը ծանոթանալուն, բայց դրվել է պայման:
168.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց. «Նախապայման է եղել, որ ընդդիմադիր պատգամավորներով գնանք միայն, կամ՝ ես առանձին, ոչ թե իշխանական պատգամավորների հետ միասին: Այսինքն, մենք պատրաստ ենք ծանոթանալ նոր սպառազինության նմուշներին, բայց նշված պայմանի ապահովման դեպքում»:
Պայմանը կատարված չէ, իսկ իշխանական պատգամավորների և Հանրային խորհրդի անդամների համար նոր սպառազինության նմուշների ցուցադրություն արդեն կազմակերպվել է: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները ևս չեն տեսել նոր զինատեսակները: Գուցե ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զբաղվածության պատճառո՞վ դա դեռ չի կազմակերպվել: Սակայն դեկտեմբերի 6-ին Տավուշի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ քաղաքացիների 50 հոգանոց խմբի էքսկուրսին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
Եվ հենց նրանց ներկայությամբ հերթական անգամ Փաշինյանը հարկ է համարել շեշտել՝ եթե անվտանգության ապահովման առաջնային և նույնիսկ հինգերորդական գործոնը դիտարկվում է բանակը, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի:
«Կիրանցի պատը մեր անվտանգության գործիքն է: Վերջերս առիթ ունեցա ասելու, որ լեգիտիմությունն անվտանգության ապահովման շատ կարևոր պայման է»,- շարունակել է նա՝ ստորադասելով բանակի դերը:
Բնականաբար, եթե կան խրամատներ, նշանակում է՝ կան անվտանգային չլուծված խնդիրներ, բայց այսօրվա ժամանակակից պատերազմներն իրենցից ոչ թե դիրքային մարտեր են ներկայացնում, այլ քաղաքային և բնակավայրային, ինչի մեջ շարունակում է հմտանալ Ադրբեջան, սրան գումարած՝ ժամանակակից զենքերը: Այս դեպքում որքանո՞վ կարող է Կիրանցի պատը հուսալի անվտանգային գործիք համարվել:
Իսկ Փաշինյանը սրանով չի սահմանափակվել և ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով.
«Այս հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը սկսել են ծառայությունը, բայց նախ սահմանազատումից հետո դուրս են եկել խրամատներից, այսինքն, իրար համար տեսանելի են: Հետո մի իքս պահից եղել է պայմանավորվածություն, և հանել են զրահաբաճկոններն ու սաղավարտները: Երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատները պետք է լինեն առանց պահունակի»:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվածության մակարդակը տարբերվում է ՀՀ սահմանապահ զորքերի զինվածության մակարդակից:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերից է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ստանձնել հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղստաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին: Իսկ դրանից առաջ՝ 2017 թվականին, առհասարակ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կառուցվածքում զգալի փոփոխություններ էին իրականացվել, ավելացվել էին առանձին հրամանատարություններ:
Ավելին, 2019 թվականին «Արմենպրեսը» գրել էր, որ հենց Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն էր փորձել միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում: Այլ հարց է, որ այդ ժամանակվա ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը դա կարողացել է կանխել: Սա ասում ենք, որպեսզի պատկերացնեք Ադրբեջանի սահմանապահ զորքերի կարողությունը, որն իր ենթակայության տակ ունի արագ արձագանքման ուժեր, որոնք ակտիվորեն մասնակցել են 44-օրյա պատերազմին:
Fip.am-ի փոխանցմամբ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2020 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունում կան հետևակի մարտական մեքենաներ (BMP-1/BMP-2), զրահապատ փոխադրիչներ (BTR-60/70/80), համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (122mm 3 T-122), հարձակողական ուղղաթիռներ (24 Mi-35M Hind) և անօդաչու թռչող սարքեր (Medium Hermes 900):
Նույն ինստիտուտի 2021 թվականի ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունը համալրվել է «Հերմես 450» և «Հարոպ» տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Իսկ 2022 թվականի ուսումնասիրության համաձայն էլ՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինության մեջ ավելացել են օդանավ (Light 40 An-2 Colt ) և անօդաչու թռչող սարքի նոր տեսակ (SkyStriker):
Հիմա ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը պայմանավորվածության համաձայն՝ «հանել են զրահաբաճկոններն ու սաղավարտները, այնուհետև սահմանին կանգնելու են առանց պահունակ ավտոմատի», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից նմանօրինակ բան չի ասվել մինչ օրս: Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործ ենք ունենալու սահմանապահ զորքի միակողմանի զինաթափման հետ:
Բացի այս, ըստ էության, գործ ունենք նաև օրենքների պահանջների ոտնահարման հետ ՀՀ երկրի ղեկավարի կողմից: Առաջին, արդյո՞ք պետական գաղտնիքի մասին օրենք չի խախտում Փաշինյանը, երբ հրապարակավ սահմանապահ զորքի զինվածության մակարդակի մասին հայտարարություն է անում:
Երկրորդ, գոյություն ունի «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենք, որտեղ սահմանվում է սահմանապահ զորքերի պատասխանատվությունը, պարտականությունը, զենքի, մարտական տեխնիկայի կիրառման կարգը, և այլն:
Մասնավորապես, 10-րդ հոդվածը հստակ նշում է, որ «սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս իրավունք ունեն կիրառել զենք ու մարտական տեխնիկա»:
Իսկ Սահմանապահ զորքերն ԱԱԾ ենթակայության տակ են, Ազգային անվտանգության ծառայությունն էլ վարչապետին ենթակա մարմին է, այսինքն՝ եթե սահմանապահ զորքերի զինծառայողի հետ որևէ դեպք լինի՝ ներքին և արտաքին գործոնով պայմանավորված, դրա համար ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

