Փաշինյանը չի հերքում՝ ԱԱԾ-ին ուղարկում է քահանաների մոտ՝ պահանջում զեղչել կաթողիկոսի անունը
Երեկ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա տեր Ռուբենն ասել էր, որ ԱԱԾ-ականները գնացել են իր մոտ և ասել, որ Վեհափառ հայրապետի անունը առաջիկա կիրակի օրը մատուցվող պատարագի ժամանակ զեղչի, այդ պատարագին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Այսօր Կառավարության նիստից հետո կրկին Նիկոլ Փաշինյանն էր եկել լրագրողների հետ ճեպազրույցի: Լրագրողներից մեկը հարց ուղղեց նրան՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գնում է հոգևորականների մոտ և առաջարկում նոր տեքստեր։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որ որպեսզի այդ փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ՝ հաշվի առնեն։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ կարող է որևէ տեղ աշխատող չլինել, մեկ ուրիշ դեպքում կարող է բարեկամ լինել կամ անծանոթ, իմ օգնականը լինել, սա կախված է նրանից՝ ով ում ճանաչում է և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն ու մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։
Այնպես չէ, որ իրավապահները քահանաների հետ շփվում են միայն իմ պատարագ գնալու առիթով, այնքան հայտնի ու անհայտ առիթներ կան, որոնցով իրենք շփվում են»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս փաստերից «չպետք է շատ նեղվել»։
«Այնտեղ, որտեղ ես մտադիր եմ գնալ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ։ Այդ թվում՝ եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց վերլուծությունների, հայացքների, ծայրահեղ և ոչ ծայրահեղ, անվտանգությունն ապահովելու համար, այստեղ որևէ նորություն չկա։ Ես առաջ չեմ քաշում իմ անվտանգության հարցը, այլ պետության անվտանգության հարցը, այդ թվում՝ այն քաղաքացիների անվտանգության, որոնք այդ պահին կարող են գտնվել այդտեղ»,- շեշտեց նա։
Լրագրողի ճշգրտող հարցին՝ ինչպե՞ս պետք է վտանգի վարչապետին կաթողիկոսի անվան հնչեցումը պատարագի ժամանակ, որ այդ հարցով ԱԱԾ ծառայողն է զբաղվում։
«Որովհետև Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
