Պետական բյուջե 2026, կամ՝ ջեբկիրությամբ իշխանությունը պահելու հմտությունը
Օրերս Ազգային ժողովում ավարտվեց 2026թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումը, որի ավարտին Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթն ապացուցեց, որ քննարկվողն ու ընդունվողը ոչ թե պետության, այլ իշխանության պահպանման մասին փաստաթուղթ է։
Ելույթը նախընտրական էր և դրա ընթացքում ներկայացված բազմաթիվ թվային աճպարարությունները, «Հայաստանի պատմության համար աննախադեպ ցուցանիշներն» ընտրություններից առաջ քաղաքացիներին մանիպուլացնելու նպատակ էին հետապնդում։
Պետական բյուջեի, ընդհանրապես փողի, մասնավորապես՝ հանրության փողի, հատկապես ուրիշի փողի մասին իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դեռ մեկ շաբաթ առաջ՝ կառավարության նիստում, որևէ երկրորդական հարցի վերաբերյալ իր հայտարարությամբ։ Խոսելով այն մասին, որ այսօր տնտեսության մեջ մեծ գումարներ, մինչև 1.5 մլրդ դոլարի հասնող միջոցներ են շրջանառվում, Փաշինյանը հայտարարել էր.
«Պետք է կարողանալ վերցնել այդ գումարներից սեփական բաժինը։ Մարդ կա՝ այդ 1.5 միլիարդ դոլարը կողքով անցնում է, բայց իր կյանքում ոչինչ չի փոխվում։ Ինչո՞ւ։ Որովհետև չունի համապատասխան հմտություններ»։
Հենց սա է Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքային, արժեքային վերաբերմունքը փողի նկատմամբ։ Ընդ որում, «սեփական մասնաբաժինը վերցնելու հմտությունը» նա լավագույնս կիրառում է այլոց, ուրիշներին, հանրությանը վերաբերող փողի պարագային։
Դրա վկայությունն անցած յոթ տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքի շուրջ 8 միլիարդ դոլարի աճն է, որը Փաշինյանի կառավարությունը վերցրել է քաղաքացիների, այսինքն՝ այլոց անունից, և ծախսել է իր իսկ մատնանշած՝ «սեփական մասնաբաժինը վերցնելու հմտության» հանգույն։ Խոսքն այդ գումարն անվանապես գրպանելու, իրենց սիրած լեզվով՝ թալանելու մասին չէ։
Այդ գումարներից «սեփական մասնաբաժինը» Փաշինյանը կապիտալիզացրել է՝ հանուն իր իշխանության պահպանման։ Դա արտահայտվել է այդքան գովազդվող անորակ ասֆալտի, դպրոցների ու մանկապարտեզների անորակ շինարարության տեսքով։
Զարմանալի զուգադիպությամբ՝ «սեփական մասնաբաժինը վերցնելու հմտությունների» մասին Փաշինյանի այդ հայտարարությունն անցած շաբաթ հնչեց կառավարության նույն նիստում, որի ընթացքում հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև կնքվող «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 96.4 միլիոն եվրո։
Այս համընկնումը պետական բյուջեի, հանրային ֆինանսների նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքի խտացված արտահայտությունն է։ Օգտագործելով հանրության անունից վարկ վերցնելու լիազորությունը, նա առանց աչք թարթելու՝ տասնյակ-միլիոնավոր դոլարի հասնող վարկեր է ստանում և արդեն «սեփական մասնաբաժինը վերցնելու հմտությամբ» դա ծախսում է իշխանության անունից՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե ավելի քան վստահ է, որ 2026թ․ հաղթելու է ընտրություններում։
Նիկոլ Փաշինյանը նույնպիսի վերաբերմունք ունի իրեն չպատկանող ամենայնի, այդ թվում ու առավելապես՝ պետության ու պետականության նկատմամբ։ Նա «սեփական մասնաբաժինը վերցնելու հմտությամբ» պետական շահը փոխարինում է իշխանության շահով՝ արդեն ցինիզմի գագաթնակետին հայտարարելով՝ «Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության պատճառով»։
Իրականությունն այն է, որ Հայաստանում իր նման վարչապետ կա նման իշխանության գոյությունն անարժանապատիվ համարելու հմտության բացակայության պատճառով։ Չնայած, արժանապատվությունն, այդուհանդերձ, ջեբկիրության կամ «փող քերելուց» տարբերվող երևույթ է և կամ լինում է, կամ ոչ, ու հնարավոր չէ ձեռք բերել՝ որպես հմտություն։
Հարություն Ավետիսյան
