Հովհաննավանքի «պրավալը» Նիկոլին հուշեց անցնել պլան Բ-ին․ Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական ու հանրային գործիչ Նաիրա Զոհրաբյանը եկեղեցու շուրջ կատարվողը խիստ մտահոգիչ է համարում, նկատելով՝ Հայ Առաքելական եկեղեցու ազդեցության թուլացումը դրսից, այդ թվում՝ Արևմուտքից գեներացվող հին ծրագիր է։
«Շատերին թվում էր, թե Նիկոլը թվանքը վերցնելու է և հարձակվի եկեղեցու վրա։ Միգուցե իր նախնական ծրագրերում եկեղեցու և վեհափառի հարցը բլիցկրիգով լուծելու օրակարգ ունեցել է, բայց Հովհաննավանքի «պրավալն» իրեն հուշեց անցնել պլան Բ-ին, և հիմա Նիկոլը շատ սահուն իրականացնում է այդ պլանը՝ ներսից կազմաքանդել եկեղեցին»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ վերջին պրոցեսներին անդրադառնալով։
Նրան չի զարմացրել մի շարք հոգևորականների կերպարանափոխությունը։
«Բազմաթիվ հոգևորականներ, ովքեր ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ հրապարակային հավատարմության երդում էին տալիս Վեհափառին, այսօր պահանջում են Վեհափառի հրաժարականը և Նիկոլի ձեռքն են համբուրում։ Բայց մարդկանց ստիպեցին՝ մեկին՝ կոմպրոմատներով, մյուսին՝ ինչ-որ բան խոստանալով․ գործեց բաժանիր, որ տիրես սկզբունքը, ինչին իդեալապես տիրապետում է Նիկոլ Փաշինյանը։
Բայց պետք է խոսել նաև եկեղեցու պասիվ դիրքորոշման մասին։ Երբ մամուլը, Նիկոլ Փաշինյանը, նույն թերթում, որտեղ ես աշխատել եմ երկար տարիներ, գրում էր նույն Բենթլի Սամոյի՝ Նավասարդ Կճոյանի «քաջագործությունների», բիզնեսների, օֆշորային սկանդալների մասին, այդ ժամանակ պիտի Կճոյանը կարգալույծ արվեր։ Ու երբ սկսվեց եկեղեցին պառակտելու վերջին գործընթացը, վեհափառը ոչ թե պիտի լռեր և շարունակեր ընդամենը հայտարարություններ տարածել, այլ եկեղեցու դեմ դուրս եկածները պիտի պատժվեին և պիտի կարգալույծ արվեին»,- մանրամասնեց նա։
Թեև Նաիրա Զոհրաբյանն այս իրավիճակում հանգուցալուծում չի տեսնում, սակայն վստահ է՝ գլոբալ առումով եկեղեցուն հաղթել հնարավոր չէ։
«Հայ Առաքելական եկեղեցին դա քրիստոնեությունն է։
Նիկոլը չի հաղթելու եկեղեցուն, բայց Նիկոլը կարողանալու է և արդեն կարողացել է պառակտել եկեղեցին, կարողացել է վարկաբեկել բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականների։
Այսինքն՝ խնդիրը, որն իր առջև դրել է Նիկոլ Փաշինյանը, եկեղեցին վարկաբեկելն է և, ցավոք, սրընթաց գնում է այդ նպատակին։
Իսկ ես ասեմ, որ եվրոպական կառույցները, նաև իմ առջև՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի, մշտապես դնում էին պահանջ` Հայաստանի Սահմանադրությունից հանել Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին դրույթը, հանել դրույթը, որ ամուսնությունը բացառապես կնոջ և տղամարդու միջև միավորումն է:
Ու պատահական չէ, որ, օրինակ, նաև 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Վեհափառի ավանդական ուղերձը չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության եթերով․ Նիկոլը հստակ իր օրակարգով գնում է։ Ի՞նչ ենք անում մենք` հականիկոլ ճամբարի ուժերս, նաև քաղաքական ուժերն ընդդիմադիր․ նստած սպասում ենք, թե Նիկոլը է՞լ ինչ պիտի անի, որ կամ հարցազրույց տան, կամ ֆեյսբուքյան ստատուս գրեն, կամ զարմանան»,- ամփոփեց քաղաքական գործիչը։

