Արցախի թեմի առաջնորդը դավաճանել է, բայց՝ առաջին հերթին ինքն իրեն. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանի Կառավարության ղեկավարի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամն ունի երկու ելք՝ կա՛մ եկեղեցում տեղի կունենա պառակտության խորացում, ինչը հենց Փաշինյանի ցանկությունն է, կա՛մ եկեղեցու առողջացում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի հիմքում դնելով նաև արտաքին ուժերի ազդեցության գործոնը։

«Կա՞ արտաքին հետք, իհա՛րկե կա, և այն կապված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին դուր չի գալիս, որ հայ եկեղեցին չի հաշտվում Արցախի կորստի հետ։ Կա դաշինք Հայաստանի իշխանության և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև՝ Հայաստանի ներսում եկեղեցու պես ինստիտուտի չեզոքացման և 2026 թվականի ընտրություններով վերարտարդվելու շուրջ։ Հայաստանի իշխանությունը միշտ ադրբեջանահաճո որոշումներ է կայացրել, եկեղեցու դեմ այդ որոշումներից մեկն է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց հայրապետի դեմ եկեղեցու ներսում ձևավորված խմբակին՝ Փաշինյանի մոտ գնացած հոգևորականներին, Աբրահամյանը ցավ հայտնեց, որ նման դավաճանության է ականատես լինում՝ առանձնացնելով հատկապես Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի վարքագիծը։
Արցախն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանին հանդիպած և նրա ձեռքը սեղմած Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսը, Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, արել է մի բան, որն ուղղակի դավաճանություն է։
«Նրա այդ քայլից հետո մարդիկ հիշում են, թե ինչպես էր Արցախի բլոկադայի ժամանակ Արցախի թեմի առաջնորդը գտնվում Հայաստանում՝ այն դեպքում, երբ շատ այլ մարդիկ անգամ բուժման նպատակով Հայաստան գալուց հետո, հետ էին գնում Արցախ։ Երբեք չէի ուզի խոսել այս թեմայով, բայց այս մարդը դավաճանել է այն մարդկանց, որոնց մասով ուներ առաքելություն, դավաճանել է իր սկզբունքները, դավաճանել է այն մարդկանց, որոնց հետ ճանապարհ է անցել։ Իմ ցանկությունն է, որ նա զղջա և ներողություն խնդրի»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Արցախի թեմի առաջնորդը եղել է մի մարդ, որի վաստակն արժանվույն գնահատվել է, գնահատվել ավելի, քան կարելի էր։
«Երկար ժամանակ եղել է Արցախի դիրքերում, եղել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ։ Նա ստացել է այն, ինչը նաև մի բան էլ ավելին է եղել։ Կրկնում եմ՝ նրա արածը դավաճանություն է։ Արցախի թեմի առաջնորդը դավաճանել է, բայց՝ առաջին հերթին ինքն իրեն ու իր արժեքները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով՝ հարգանքի են արժանի բոլոր այն մարդիկ, որոնք ամուր ու անդավաճան կանգնած են եկեղեցու կողքին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

