ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կկայանա Մոսկվայում

Ռուսաստանը կհյուրընկալի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գագաթնաժողովը։ Այն կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 11-ին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 11-ին։ Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ Ռուսաստանի մայրաքաղաքում», – ասել է Պուտինը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նոյեմբերի 27-ին պաշտոնապես Ռուսաստանին է փոխանցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։

«Սահմանված կարգի համաձայն՝ կազմակերպության հաջորդ նախագահությունը կանցնի Ռուսաստանի Դաշնությանը», – հայտարարել է Ջապարովը ՀԱՊԿ գագաթնաժողովում։ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի առաջարկությամբ երկրների ղեկավարները նոյեմբերի 27-ին Բիշքեկում առանց քննարկման ընդունել են Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքում ստորագրված փաստաթղթերը։

Բիշքեկում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ ղեկավարները ստորագրել են հռչակագիր, որում ուրվագծվում են անդամ պետությունների համատեղ մոտեցումները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի հիմնական հարցերի վերաբերյալ։ Ստորագրվել է նաև հայտարարություն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում կայացած գագաթնաժողովին։ 

Տեսանյութեր

Լրահոս