1.7 լրդ հատկացվեց 12 համայնքներում սուբվենցիոն 15 ծրագրերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում որոշեց 2025 թվականի պետբյուջեից համաֆինանսավորման միջոցով մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 708 մլն դրամ հատկացնելու՝ սուբվենցիոն ծրագրերի համար։

Հարցը ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ով նշեց, որ որոշման նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքի 15 սուբվենցիոն ծրագրերը:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև գումարը՝ ըստ մարզերի բաշխվածությունը: Ըստ այդմ՝ Արարատի մարզի 2 ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 234 մլն դրամ, Արմավիրի մարզի 3 ծրագրի համար՝ 246 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրի համար՝ 168 մլն դրամ, Կոտայքի մարզի 3 ծրագրի համար՝ 191 մլն դրամ, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 715 մլն դրամ, Վայոց ձորի մարզի 1 ծրագրի համար՝ 152 մլն դրամ:

«Սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետբյուջեից 18 մլրդ 76 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց նախարարի տեղակալը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն թվարկեց ավարտված, ընթացքի մեջ և ավարտական փուլում գտնվող ծրագրերը, որոնք, որոշման նախագծի համաձայն, պետք է համաֆինանսավորվեն:

Դրանք վերաբերում են վերոնշյալ մարզերում ճանապարհների վերանորոգմանը, ասֆալտապատմանը, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգմանը, մանկապարտեզի կառուցմանը, մսուր-մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերմանը, գազամատակարարման համակարգի կառուցմանը, ջրահեռացման համակարգի կառուցմանը և այլ աշխատանքների:

Տեսանյութեր

Լրահոս