«Հնարավոր է, որ ինչ-որ լավ բան է կատարվում». ԱՄՆ-ն ու Ուկրաինան համաձայնության են եկել 28 կետերի «մեծ մասի» շուրջ

Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կարողացել են համաձայնության գալ ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերի մեծ մասի շուրջ և կարգավորել վիճելի կետերի զգալի մասը․ գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ վիճելի հարցերի թվում են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը, Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը և գերիների փոխանակման ձևաչափը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տարածքների վերաբերյալ կետերը և սահմանադրական դրույթը, որը նախատեսում է Ուկրաինայի չանդամակցումը ՆԱՏՕ-ին, կքննարկվեն նախագահների՝ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի մակարդակով։

Սպիտակ տունը խաղաղության բանակցություններից հետո հայտարարություն է տարածել, հայտնելով, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան «համաձայնության են եկել խորհրդակցությունների բարձր արդյունավետ բնույթի վերաբերյալ»։

«Բանակցությունները կառուցողական, բովանդակալից և հարգալից էին, ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու մեր համատեղ հանձնառությունը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում՝ գրելով. «Մի՞թե մեծ առաջընթաց է գրանցվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում։ Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք սեփական աչքով, բայց հնարավոր է, որ ինչ-որ լավ բան է կատարվում»:

Տեսանյութեր

Լրահոս