Թաիլանդի արտգործնախարարը հույս ունի, որ ԵՄ-ն կօգնի վերականգնել ուժերի հավասարակշռությունը ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանում
Թաիլանդի արտգործնախարար Սիհասակ Փխուանգկետկեոուն Բրյուսելում կայացած ԵՄ-Հնդկա-Խաղաղօվկիանոսյան չորրորդ նախարարական ֆորումի շրջանակում ասել է, որ Եվրոպական Միության և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ ԵՄ-ի ներկայությունը ապահովում է ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։ Այդ մասին տեղեկացնում է Еuronews-ը։
Նախարարը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում ամրապնդվել են, մասնավորապես՝ Թաիլանդի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շնորհիվ։
«Բանակցությունները լավ առաջընթաց են գրանցել։ Մենք հույս ունենք, որ մինչև հաջորդ տարի կարողանանք դրանք ավարտին հասցնել։ Այնուամենայնիվ, այնպիսի հիմնական հարցեր, ինչպիսիք են շուկա մուտք գործելը, պետական գնումները, մտավոր սեփականությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի չափանիշները և մարդու իրավունքները, դեռևս մնում են օրակարգում»,- հավելել է դիվանագետը։
Թաիլանդի արտգործնախարարը շեշտել է, որ ԵՄ-ի և Թաիլանդի միջև գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որը ուժի մեջ է մտել անցյալ տարի, շատ լավ է գործում, ու երվորպական շատ երկրների մասնավոր հատվածը հետաքրքրված է բացվող հնարավորություններով։ Թաիլանդի ռազմավարական դիրքը Հարավարևելյան Ասիայում ստեղծում է հարթակ՝ տարածաշրջանում ներդրումներ կատարելու համար։

