Օնիկ Գասպարյանը 8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության զարգացման նախագիծ էր ներկայացրել. արդյո՞ք այն հետագայում հաշվի է առնվել
Նոյեմբերի 13-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել է.
«Մի հատ էլ ասում են՝ 8 միլիարդ արտաքին պարտքն աճել է, ի՞նչ եք արել: Չգիտե՞ք՝ ինչ ենք արել, լավ, չէինք ուզում ասել, դա էլ ասենք՝ զենք ենք առել: Պարտքո՞վ ենք զենք առել՝ այո՛, պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից… Չեք հավատո՞ւմ՝ իրավունք ունեք, ասում եմ՝ եկեք տանենք, ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրայից կպցնենք, որն ինչ արժե: Եկեք, տանենք մեր բանակի զենքերն էլ ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք՝ դնենք կողք կողքի»:
Արդյո՞ք 8 միլիարդ դոլար արտաքին պարտքի աճը հենց միայն սպառազինության գնմամբ է պայմանավորված՝ մեծ հարց է, համենայնդեպս, քանի դեռ ո՛չ մեր գրավոր համապատասխան հարցման պատասխանն ենք ստացել, ո՛չ ձեռք բերված սպառազինությունն ենք տեսել, ո՛չ էլ դրանց գնապիտակները, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը շարունակում է, թե՝ «Ի՞նչ ենք արել, չգիտե՞ք, որ քովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»:
Այն, որ Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ որոշակի զինտեխնիկա ձեռք է բերվել, դա չենք վիճարկում, հարցը՝ արդյո՞ք այդ պայմանագրերն ու պայմանավորվածություններն ամբողջությամբ են կատարվել, թե՞ դրանց վրա ազդել է դրանք չեղարկելու Բաքվի պահանջը, Նիկոլ Փաշինյանի ռազմատեխնիկական գնումները քվոտավորելու տրամադրվածությունը, վաշինգտոնյան փաստաթղթերը:
Իսկ եթե ընդունենք, որ, ամեն դեպքում, Փաշինյանի իշխանությունը 8 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերել, այստեղ էլ այլ հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարել դա անել 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո կամ 3-4 տարի չկորցրած, հատկապես, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նույն արժողությամբ ծրագրի նախագիծ է ներկայացրել, եթե, իհարկե, այս նախագծով են առաջնորդվել արտաքին պարտքի ավելացման հաշվին զենքի գնման հարցում:
Նշենք, որ 2023 թվականի հունիսի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել է.
«2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի, ընդհանուր առմամբ, զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար»:
Սրանից հետո գեներալը շարունակել է՝ մանրամասնելով այդ պահին առկա խնդիրները.
«2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:
Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ»:
Վերջին շրջանում իր հարցազրույցներում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս խոսել է վերը նշվածի մասին: Մասնավորապես, օրերս, 1in.am-ի հետ հարցազրույցում ասել է.
«Եթե լսեք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի որոշ եզրահանգումներ, որտեղ ինքն ասել է՝ որպեսզի կարողանամ հակառակորդի կողմից սպասվող գործողությունները զսպել և կառավարել, պետք է 8 միլիարդ դոլարի նոր սպառազինություն գնել։ Սա շատ կարևոր արձանագրում էր»:
Կրկնում ենք՝ եթե անգամ այդ պահին Փաշինյանը համաձայնել է, որի մասին տեղեկությունները տարբեր են, արդյո՞ք ԳՇ նախկին պետի դիտարկումները հաշվի են առնվել, եթե, իհարկե, 8 միլիարդ դոլարի զենքի գնում եղել է:
Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է, որ 44-օրյայի զեկույցում անդրադարձ կա սպառազինության ձեռքբերմանը և ձեռքբերման պլանների փոփոխությանը, դրան հաջորդում է հետևանքների գնահատումը, սակայն, գաղտնիության սկզբունքից ելնելով՝ ավելին չի ասվել:
Հ.Գ. Չմոռանանք՝ մենք չգիտենք, թե 44-օրյա պատերազմում որքա՞ն գումարի զենք ենք կորցրել, Ալիևը ոչ մեկ անգամ նշել է՝ 5 միլիարդ դոլարի:

